Բարդուխ Գաբրիելյան. «Սևանա լճում ընդհանրապես որսի հսկողություն չկա». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին տարիներին Սևանա լճում նվազել են խեցգետնի պաշարները: Այս մասին «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ահազանգեց ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:
Այսօր դեռ հստակ տվյալներ չկան: Ուսումնասիրություններն այդ ուղղությամբ սկսվել են, կավարտեն դեկտեմբերի կեսերին, այդ ժամանակ էլ կարող ենք խոսել հստակ թվերով: Այժմ, մասնագետների գնահատմամբ, ոչ արդյունաբերական չափի կենդանիների քանակը Սևանա լճում նախնական տվյալներով 47% է:
Ըստ Բարդուխ Գաբրիելյանի՝ նոր որսագործիքների կիրառումը հանգեցրել է Սևանա լճում խեցգետնի պոպուլյացիայի վատթարացմանը:
«Դա գերորսի և նոր որսագործիքների արդյունքն է: Վերջին տարիներին սկսել են օգտագործել չինական խեցգետնորսիչներ, զսպանակավոր խեցգետնորսիչներ և թարփեր: Այդ որսագործիքները պետք է արգելվեն, քանի որ այն որսում է ամեն ինչ՝ և՛ մանր, և՛ մեծ չափի խեցգետիններին: Դրանց օգտագործումն արգելված չէ»,– ներկայացրեց մասնագետը:
Նրա խոսքով՝ այդ որսագործիքների կիրառման հետևանքով 2014 թվականից խեցգետնի որսը Սևանա լճում բարձրացել է 3–4 անգամ:
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի դիտարկմամբ, եթե որսագողության դեմ ուղղված քայլերն արդյունավետ լինեին, այսօր պաշարների նման քանակություն չէր լինի:
«Խեցգետնի բազմացման շրջանում որսի արգելք եղավ, բայց դա այդքան էլ լուրջ արդյունքներ չտվեց: Անպայման պետք է այդ որսագործիքներն արգելվի: Միջոցառումները պետք է պարբերաբար կրկնվեն: Խեցգետինը դանդաղ աճող է, կիրառվող միջոցառումների արդյունքները առաջիկայում կերևան»,– նշեց Բարդուխ Գաբրիելյանը:
Տեսանելի արդյունքի հասնելու դեպքում, ըստ Գաբրիելյանի, պետք է արգելվի նաև մանր խեցգետնի որսն ու վաճառքը: Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն առաջարկում է արդյունագործական չափը սահմանել 9 սմ:
«Այդ չափից պակաս իրավունք չկա որսալու: Պոպուլյացիան հիմա քչացել է և որսում են նաև մանրերը: Մեծերի քանակությունն էլ շատ քիչ է»,– նկատեց մեր զրուցակիցը:
Պաշարների նվազման արդյունքում նաև գինն է բարձրացել՝ մոտ երկու անգամ:
Խեցգետինը թանկացել է դեռևս նախորդ տարվանից: Այս ամենի պատճառը Բարդուխ Գաբրիելյանը անկառավարելի որսն է համարում:
«Սևանա լճում կառավարելի որս գոյություն չունի: Պատասխանատուները պետք է վերահսկողություն կատարեն: Արդյունագործական որսի պահանջները պետք է փոխվի: Այսօրվա վիճակը Սևանա լճում վատագույնն է, որովհետև որսի հսկողություն ընդհանրապես չկա, ով, երբ, ինչքան ուզում՝ որսում է: Չեն հսկվում որսագործիքները, չի հսկվում որսի սեզոնը: Այս ամենը թողնված է ինքնահոսի»,– ասաց նա:
Իրավիճակը չփոխվելու դեպքում, Գաբրիելյանի համոզմամբ, կարող է հանգեցնել պաշարների սղության, ընդհուպ մինչև վերացման:
«Այստեղ տեղի է ունենում այն նույն գործընթացը, ինչը եղավ սիգի դեպքում, նման ձկնորսական պարագաներով որսի դեպքում դրանց պաշարները գրեթե այսօր զրոյի են հավասար»,– նկատեց նա:
Սիգի պաշարների վերականգնման հարցում մասնագետը դրական փոփոխություններ է արձանագրել:
«Պաշարների բարձրացման միտում կա: Լճի էկոլոգիական տվյալները նպաստավոր են ձկան համար: Ցավոք սրտի, անկառավարելի որսը չի թողնում, որ քանակությունը միանգամից ավելանա»,– ասաց նա:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում