Ի՞նչ էր փնտրում Պապիկյանը Վրաստանում
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ապրիլի 21–ին պաշտոնական այցով մեկնել է Վրաստան, հանդիպումներ ունեցել պաշտպանության նախարարի, վարչապետ Կոբախիձեի հետ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Պապիկյանի այցը Վրաստան անմիջական կապ ունի առաջիկայում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Երևան կատարելիք պետական այցի հետ։ Ելիսեյան պալատը հայտնել էր, որ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին, հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, երկօրյա պետական այցի շրջանակներում կգտնվի Հայաստանում: Ֆրանսիայի նախագահն իր հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ է բերելու, որը ստորագրելու են Երևանում։ Դեռ անցած տարվա մայիսի 26-ին Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն համատեղ ասուլիսում հայտարարեցին, թե Հայաստանը և Ֆրանսիան ռազմավարական գործընկերության փաստաթուղթ կստորագրեն։ Գրեթե մեկ տարի անց միայն այդ փաստաթուղթը «միս ու արյուն» է ստանում, այն էլ, ըստ մեր աղբյուրի, միայն Փաշինյանի թախանձագին աղաչանքներից հետո։
Բանն այն է, որ եվրոպական շատ երկրների ղեկավարներ հակված չեն այցելել Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն մերժել է, Թուրքիայի նախագահը, մեծ հավանականությամբ, չի ժամանի։ Փաշինյանն էլ հասկանում է, որ դիվանագիտական լուրջ ձախողման կարող է բախվել՝ ձեռքբերման փոխարեն, ուստի Ֆրանսիայի նախագահին խնդրել է ամեն գնով ստորագրել այդ փաստաթուղթը։ Իսկ ի՞նչ է փնտրում Պապիկյանը Վրաստանում այժմ։
Բանն այն է, որ Ֆրանսիայից Հայաստան սպառազինություն մատակարարվում է միայն Վրաստանի տարածքով, Թբիլիսին էլ հաճախ ատամներն է ցույց տալիս՝ արգելելով այս կամ այն մատակարարումը։ Ֆրանսիայի նախագահը ցանկանում է իր հետ սպառազինություն բերել, կամ այդ մասին հայտարարել Երևանում։ ՀՀ կառավարության մեր աղբյուրը հայտնեց, թե Պապիկյանը մեկնել է Թբիլիսի՝ տեղում բանակցելու, որ վրացական կողմն առանց խոչընդոտների թույլ տա ֆրանսիական սպառազինության մատակարարումը Փոթիի նավահանգստից։ Դեռ հայտնի չէ, թե ինչ պատասխան է տվել Վրաստանը։ Իհարկե, այս բանակցությունների մասին պաշտոնական հաղորդագրություններում ոչինչ չի նշվել...
Տաթևիկ Բադալյան