Բերման ենթարկվածներից մեկի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել
Հուլիսի 8-ին, ժամը 04.30-ին, Տիտոգրադյան փողոցում գիշերային ծառայություն կատարող պարեկներին է մոտեցել 28-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ Խաղաղ Դոնի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ չորս անհայտ անձինք ձեռքերով հարվածել են իրեն՝ պատճառելով վնասվածքներ, իսկ ինքը նրանցից մեկի մոտ նկատելով ատրճանակ՝ բահով խփել է նրան: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ժամը 04.45-ին նշված անձինք Խաղաղ Դոնի փողոցում ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ պարզվել է նրանց ինքնությունը, իսկ 35-ամյա երիտասարդի մոտից հայտնաբերվել է առանց թույլտվության գազային ատրճանակ:
Կատարվում է նախաքննություն: