1200 ձիաուժ հզորություն և ռեկորդային արագություն. Մեծ Բրիտանիայում վաճառվել է Bugatti Veyron Super Sport շարքի վերջին մոդելը (լուսանկարներ)
Բրիտանական Tom Hartley Junior աճուրդի տունը վաճառել է Bugatti Veyron հիպերմեքենայի Super Sport շարքի վերջին թողարկված մոդելը:
Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, ֆրանսիական ապրանքանիշի ամենահայտնի մոդելի Super Sport շարքը թողարկվել է սահմանափակ քանակությամբ՝ 48 օրինակով, որոնցից վերջինն էլ վաճառվել է օրեր առաջ կաացած աճուրդում:
Գործարքի գինը դեռևս գաղտնի է պահվում: Վաճառքի հանված մոդելը պատված է սև, ոչ փայլուն ներկով, իսկ ինտերիերը՝ կարմիր կաշվով: Bugatti Veyron Super Sport-ի վազքը կազմում է ընդամենը 2016 կմ:
2014 թվականի արտադրության հիպերմեքենայի անվադողերն են միայն փոխվել: Նշվում է, որ շարքի վերջին մոդելը նաև երկարաձգված երաշխիք ունի, որը գործում է մինչև 2022 թվականի հունվարը:
Մեքենան համալրված է 8 լիտր ծավալային W16, չորս տուրբոյով շարժիչով, որը 1200 ձիաուժ հզորություն է զարգացնում: Տարիներ առաջ այս մոդելի մեքենան առավելագույն արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 431 կմ/ժամ: