Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո է
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը Բրյուսելում Թուրքիա-ԵՄ բարձր մակարդակի առևտրային երկխոսության ժամանակ նշել է, Թուրքիան եվրոպական արտադրության և մատակարարման շղթայի անբաժանելի մասն է։ Հետևաբար հարկ է համարել, որ «Made in EU»-ի նման արդյունաբերական նոր ռազմավարություններում Թուրքիան ներգրավված լինի որպես հավասարազոր գործընկեր, գրում է Ermenihaber.am-ը։
«Թուրքիան այսօր ոչ միայն ԵՄ առևտրային գործընկերն է։ Թուրքիան չպետք է դուրս մնա այդ ռազմավարություններից»։
Նախարարի խոսքով՝ ԵՄ-ն Թուրքիայի ամենախոշոր առևտրային գործընկերն է, իսկ Թուրքիան՝ ԵՄ 5-րդ խոշորագույն գործընկերը։ Կողմերի միջև տարեկան առևտրաշրջանառությունը կազմում է 205 մլրդ եվրո, վերջին 5 տարում՝ 900 մլրդ եվրո։ Այդ ծավալի 26 տոկոսը՝ շուրջ 55 մլրդ եվրոն, բաժին է ընկնում ավտոմոբիլային ոլորտին։
Բոլաթը նշել է, որ Թուրքիայում ավտոմոբիլների արտադրության 75 տոկոսը պատկանում է ԵՄ ընկերություններին և նրանց թուրքական մասնաճյուղերին։
ԵՄ առևտրի հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչն իր հերթին Թուրքիան անվանել է ԵՄ-ի համար առանցքային գործընկեր։ Նրա տվյալներով՝ 2025 թ. մաքսային միության շրջանակում ապրանքաշրջանառությունը ռեկորդային մակարդակի է հասել՝ շուրջ 218 մլրդ եվրո, իսկ ծառայությունների առևտուրը գերազանցել է 40 մլրդ եվրոն։
Հանդիպման շրջանակներում կողմերը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել լիազորված տնտեսավարողների ծրագրերը, ինչպես նաև տեխնիկական աշխատանք տանել էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչման ուղղությամբ։
Հայտարարության մեջ ընդգծվում է նաև, որ Թուրքիան ավարտել է մեքենաների ու սարքավորումների անվտանգության վերաբերյալ ԵՄ-ի նոր կանոնակարգին իր օրենսդրության համապատասխանեցումը։ Սա կարևոր քայլ է, որպեսզի մաքսային միության շրջանակում ապրանքները տեխնիկական խոչընդոտների չհանդիպեն։
Հետևեք մեզ՝ այստեղ