FAF-ը կոչ է անում չբոյկոտել հավաքականի առաջիկա խաղը
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուական First Armenian Front շարժումը Ազգերի լիգայի խաղարկության 5-րդ տուրի Ֆարերյան կղզիների դեմ կայանալիք տնային հանդիպումից առաջ հանդես է եկել հայտարարությամբ։
ՀՖՖ-ն տարբեր գործիքակազմի կամ դրա բացակայության միջոցով առավելագույնն է արել առաջիկա խաղի հետաքրքրությունը մինիմալի հասցնելու համար։ Այս պահին ունենք վերջին մի քանի տարվա տոմսերի վաճառքի վատագույն ցուցանիշներից մեկը, միևնույն ժամանակ Ֆարերյան կղզիների դեմ խաղին ՀՖՖ հորդորով սպասվում է տարբեր ուժային կառույցների մեծաքանակ ներկայություն։
Ազգային հավաքականի խաղը չի եղել և չի կարող լինել անկարգությունների հարթակ։ Մենք դատապարտում ենք ցանկացած նման դրսևորում և կոչ ենք անում ուժային կառույցներին խաղից առաջ, երկրպագման պրոցեսի ժամանակ և դրանից հետո չդիմել սադրիչ որևէ գործողության երկրպագուների նկատմամբ։
Հայաստանի ազգային հավաքականի սիրելի՛ երկրպագուներ, մի՛ բոյկոտեք առաջիկա խաղը, ձեռք բերե՛ք վաղվա խաղի տոմսեր, մի՛ թողեք մարզադաշտում միայն ֆան ակումբների ներկայության պատկեր լինի, եկե՛ք մարզադաշտ աջակցենք մեր ազգային հավաքականին և մարզադաշտից վերահաստատենք հրաժարականի մեր պահանջը»,- ասված է տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը վաղը՝ նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Ֆարերյան կղզիներին, իսկ երեք օր անց արտագնա հանդիպում կանցկացնի Լատվիայի դեմ։