Մսամթերք արտադրող ընկերությունում հայտնաբերվել են խախտումներ, աշխատավարձերը թերհայտարարագրվել են
Պետական եկամուտների կոմիտեն ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հետ իրականացված համատեղ աշխատանքների արդյունքում մսամթերքի արտադրությամբ և մանրամեծածախ առևտրով զբաղվող խոշոր ընկերությունում հայտնաբերել են մի շարք խախտումներ։
Ձեռք բերված փաստական տվյալների և իրականացված համալիր հարկային ստուգման արդյունքներով պարզվել է, որ 2021-2023 թվականների ընթացքում աշխատակիցներին փաստացի վճարված աշխատավարձերը թերհայտարարագրվել են։ Նույն ժամանակահատվածում թերհայտարարագրվել է նաև փաստացի իրացման շրջանառությունների մի մասը։ Անճշտություններ են հայտնաբերվել նաև 2022-2023 թվականների համար ներկայացված շահութահարկի և ԱԱՀ հաշվարկներում։ Խախտումների հետևանքով պակաս են հաշվարկվել պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկը, սոցիալական և դրոշմանիշային վճարները, ինչպես նաև շահութահարկի և ԱԱՀ-ի գումարները։
Ընկերությունն ընդունել է իրեն ներկայացված` ստուգմամբ հայտնաբերված խախտումները։ Առաջնորդվելով օրենսդրությամբ սահմանված դրույթներով` 2024 թվականի հոկտեմբեր ամսին հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացրել համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների համար ճշտված հարկային հաշվարկներ։ Արդյունքում հարկ վճարողի մոտ առաջացել է լրացուցիչ շուրջ 1.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն, որն էլ ամբողջությամբ վճարել է։