Սխտոր՝ բնական հակաբիոտիկ․ ո՞ր հիվանդությունների վրա է ազդում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սխտորը պատկանում է սոխազգիների ընտանիքին: Բազմամյա բույս է, տնայնացվում է ամենուր՝ բոստաններում եւ բանջարանոցներում: Անհիշելի ժամանակներից այն մշակում են Հայաստանում, սակայն տհաճ հոտի պատճառով նրանից շատերն են խուսափում:
Սխտորը պարունակում է ազոտային նյութեր, միկրո եւ մակրոտարրեր, B, C, D, PP վիտամիններ, ֆիտոստերիններ, պոլիսախարիդներ, ֆերմենտներ, ֆիտոնցիդներ, ծծումբ, ֆոսֆոր: Սխտորի բնորոշ հոտը պայմանավորված է դիալիլդիսուլֆիդի պարունակությամբ, որն առկա է նրա եթերային յուղի մեջ:
Սխտորը կանոնավորում է նյութափոխանակության բոլոր օղակները, մեծ դեր ունի աթերոսկլերոզի եւ շաքարախտի կանխարգելման ու բուժման գործում:
Սխտորն օժտված է հակամանրէային, անոթալայնիչ, միզամուղ, լեղամուղ, վերականգնող հատկություններով, բնական հակաբիոտիկ է: Այն ախորժաբեր է:
Հանքային աղերից սխտորի մեջ գերակշռում են կալիումական աղերը եւ ֆոսֆորը: Կալիումական աղերը 100 գրամում 260 մգ են, իսկ ֆոսֆորը՝ 140 մգ:
Ամեոբային դիզենտերիայի ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել օրական 5-6 գլուխ սխտոր՝ զուգահեռաբար սխտորի 5%-անոց ջրային լուծույթ (5գ սխտոր) ընդունելով եւ նույնպիսի լուծույթով հոգնա անելով:
Մրսածության հետեւանքով առաջացած հիվանդությունները կարելի է բուժել՝ ընդունելով սխտորի հետ խառնած օղի:
Գրիպի ժամանակ սխտորը քերել եւ հավասար քանակությամբ խառնել մեղրի (ցանկալի է լորենու) հետ:
Ճիճվաթափության նպատակով ճզմած սխտորը խառնել կաթով եւ հիվանդին օրը մեկ անգամ նստեցնել նշված խառնուրդով լցված դույլի վրա, մինչեւ ճիճուներից լրիվ ազատվելը:
Դիսբակտերիոզի ժամանակ (երբ խախտված է աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությունը) շատ լավ է օգնում սխտորը, որը կարելի է ավելացնել ճաշատեսակների եւ աղցանների մեջ:
Լսողության վատթարացման ժամանակ 2-3 պճեղ սխտորը ճզմել բեւեկնայուղի հետ եւ ստացված խառնուրդից 2-ական կաթիլ կաթեցնել ականջի մեջ: Այս արարողությունը կարելի է կրկնել օրումեջ, մինչեւ ցավի անհետացումը:
Իսկապես հիանալի բուժամիջոց է սխտորը, սակայն այն պետք է զգուշությամբ օգտագործեն աղեստամոքսային համակարգի հետ խնդիրներ ունեցող անձինք: Մնացած դեպքերում սխտորի միակ թերությունը թերեւս տհաճ հոտն է, այդ պատճառով որպես տարբեր հիվանդությունների կանխարգելման միջոց այն կարելի է օգտագործել երեկոյան, երբ արդեն տանն եք՝ ավելացնելով տարբեր կերակրատեսակների մեջ (բավական է անգամ 1-2 պճեղը): Դա հատկապես արդիական է հիմա, երբ գլուխ են բարձրացնում տարատեսակ գրիպները, իսկ օրգանիզմի դիմադրողականությունը շտապ օգնություն է աղերսում:
Սխտորի հոտը չեզոքացնող միջոցներ
Բերանից եկող սխտորի հոտը շուտ կանցնի, եթե ուտեք մաղադանոսի տերեւներ կամ արմատ, ծամեք 1-2 մեխակ կամ սուրճի մի քանի հատիկ, խմեք 1 բաժակ կաթ:
Սխտորի հոտը ձեռքերից անցկացնելու համար բավական է ձեռքերը շփել կիտրոնի կեղեւով:
Սխտորը մաքրելուց եւ կտրատելուց հետո ձեռքերից հոտն անցկացնելու համար ձեռքերն առատորեն շփեք աղով եւ լվացվեք գոլ ջրով: