Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ սակարկումների ընթացքում կարող է պնդել Հյուսիսային Կիպրոսի ճանաչումը․ ԶԼՄ
Թուրքիան կարող է պնդել, որ, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը» ճանաչվի, որպես հաղթաթուղթ օգտագործելով դա, որպեսզի թույլ տա Շվեդիային եւ Ֆինլանդիային անդամակցել ՆԱՏՕ-ին, գրում է բրիտանական Express թերթը։
ՀԿԹՀ նախագահ Էրսին Թաթարին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ վերջինս խնդրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ՆԱՏՕ-ի հետ բանակցություններում քննարկել օկուպացված Հյուսիսային Կիպրոսի հարցը։
«Ինչո՞ւ չօգտագործել բոլոր հնարավոր լծակները այս իրավիճակում։ Հունաստանն ու Կիպրոսն օգտագործեցին ԵՄ-ում իրենց վետոյի իրավունքը՝ կասեցնելու ցանկացած առաջընթաց, եւ ժամանակն է շտկելու այս անարդարությունը»,- աղբյուրին է մեջբերում թերթը։
Express-ը հաղորդում է, որ բրիտանացի բարձրաստիճան նախարարներն ըմբռնումով են վերաբերվում ՀԿԹՀ-ի ճանաչման գաղափարին, ինչպես նաեւ թույլ են տալիս ուղիղ թռիչքներ իրականացնել դեպի Կիպրոսի հյուսիս, ուր ներկայումս կարելի է մեկնել միայն թուրքական քաղաքներից։
Էրդողանը հանգստյան օրերին հայտարարել է, որ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի պաշտոնյաների հետ բանակցությունները մեծ առաջընթաց չեն գրանցել, եւ Թուրքիան շարունակում է դեմ լինել նրանց անդամակցությանը:
Կիպրոսը բաժանված է 1974 թվականից այն բանից հետո, երբ Թուրքիան օկուպացրեց կղզու հյուսիսային երրորդ մասը։ ՀԿԹՀ-ն որպես պետություն ճանաչում է միայն Թուրքիան, որն այնտեղ մոտ 30 000 զինվոր է պահում։