Հնդկաստանում վիրաբույժը մոտ 37 000 անվճար վիրահատություն է կատարել՝ երեխաներին տալով ավելի երջանիկ կյանքի հնարավորություն
Հնդկաստանում պլաստիկ վիրաբույժը մոտ 37 000 անվճար վիրահատություն է կատարել երեխաների մոտ քիմքի կամ վերին շրթունքի բնածին ճեղքվածքները կամ, ժողովրդական լեզվով ասած, «գայլի երախ» ու «նապաստակի շրթունք» պաթոլոգիաները վերացնելու համար:
Ինչպես գրում է Oddity Central-ը, երկու բնածին արատն էլ հնարավոր է շտկել պլաստիկ վիրահատության միջոցով, սակայն այս ծառայությունները չափազանց թանկ են աղքատ ընտանիքների համար:
Հնդկաստանում ապրող և աշխատող բժիշկ Սաբոդհ Կումար Սինգխը անվճար վիրահատել է տասնյակ հազարավոր երեխաների՝ նրանց տալով առողջ ու ավելի երջանիկ կյանքի հնարավորություն:
Հատկանշական է, որ բժիշկը մանուկ հասակում բավականին ծանր պայմաններում է ապրել, ուստի հասուն ժամանակ որոշել է իր գիտելիքներն ու հնարավորություններն օգտագործել մյուսներին օգնելու համար:
«Իմ մանկությունն ինձ ուժ է տվել հասկանալու այն մարդկանց, որոնք ամենօրյա պայքարի մեջ են: Բժիշկ դառնալն ինձ դրեց այնպիսի դիրքում, որ օգնեմ շատերին: Ես ուզում էի ավելի լավը դարձնել ավելի քիչ արտոնյալ մարդկանց կյանքը»,-ասել է բժիշկը։
Սինգխին երեխաների վիրահատության հարցում սկսել են օգնել բազմաթիվ նախաձեռնություններ ու հասարակական կազմակերպություններ: 2004-ից ի վեր նա իրականացրել է մոտ 37 000 անվճար վիրահատություն: