Քանյե Ուեսթը բոլորին խնդրել է աղոթել, որպեսզի «Աստված վերամիավորի իրեն և Քիմ Քարդաշյանին»
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն անդրադարձել է իր և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի բաժանությանը՝ նշելով, որ «Աստծված իրեն ու իրենից հեռացած կնոջը կվերամիավորի»՝ միևնույն ժամանակ ընդունելով, որ որպես ամուսին՝ սխալներ է գործել:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 44-ամյա ռեփերն այս մասին ասել է Լոս Անջելեսում բարեգործական միջոցառման ժամանակ:
«Ես հրապարակայնորեն արել եմ բաներ, որոնք անընդունելի են ամուսնու կողմից, բայց հենց հիմա ես այստեղ եմ օրակարգը փոխելու համար»,-ասել է աստղը՝ անդրադառնալով նաև Քարդաշյանի և դերասան Փիթ Դևիդսոնի ռոմանտիկ հարաբերություններին: Նրա խոսքով՝ լրատվամիջոցները փորձում են օրակարգ ստեղծել ու այն թելադրել՝ շրջանառության մեջ դնելով այդ լուրերը:
«Ես թույլ չեմ տալիս E!-ին (հեռուստաալիք` Tert.am) գրել իմ ընտանիքի օրակարգը: Ես չեմ թողնում, որ Հուլուն (Hulu սթրիմինգային ծառայություն, որով հեռարձակվելու է Քարդաշյանների նոր շոուն) գրի իմ ընտանիքի օրակարգը… ես եմ իմ տան քահանան»,-ասել է Ուեսթը:
Ռեփերը, որը չորս երեխա ունի Քարդաշյանի հետ, ընդգծել է, որ երեխաների դաստիարակությունը մնում է իր ամենակարևոր առաջնահերթությունը այս փոթորկալից ժամանակներում:
«Ես պետք է հնարավորինս շատ լինեմ երեխաներիս կողքին»,- ասել է նա՝ ընդգծելով, որ պետք է տուն վերադառնա:
«Եթե թշնամին կարողանա բաժանել Քիմյեին (նկատի ունի Քիմ և Քանյե զույգը), միլիոնավոր ընտանիքներ կլինեն, որոնք կզգան, որ բաժանումը նորմալ է: Բայց, երբ Աստված վերամիավորի Քիմյեն, միլիոնավոր ընտանիքներ կազդվեն դրանից ու կհասկանան, որ կարող են աշխատել բաժանումը հաղթահարելու համար», - ասել է նա:
Ուեսթն ընդգծել է, որ Քիմն իր կինն է և ցանկանում է, որ բոլորն աղոթեն իր ընտանիքի միասնության համար: