Ինչու է Էլիզաբեթ Երկրորդը գիշերն անցկացրել հիվանդանոցում. Sun
Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին գիշերը հիվանդանոցում է անցկացրել միայն օրվա ուշ ժամ լինելու պատճառով, ինչը խանգարել է նրան տուն վերադառնալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Sun թերթը:
Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատը հաղորդել էր, որ թագուհին հիվանդանոց էր գնացել հոկտեմբերի 20-ին, իսկ հոկտեմբերի 21-ին վերադարձել է Վինձորի դղյակ: Նա Լոնդոնի կենտրոնում գտնվող մասնավոր կլինիկա էր այցելել բժիշկների խորհրդով՝ հետազոտություն անցնելու համար: Թերթի տեղեկատվության համաձայն, 95-ամյա թագուհին գիշերը հիվանդանոցում է մնացել, քանի որ նրա օգնականները չեն ցանկացել Վինձոր վերադառնալ այդ ուշ ժամին:
Ինչպես նշում Է հրատարակությունը, թագուհին վերջին անգամ գիշերը հիվանդանոցում է անցկացրել 2013 թվականին, երբ տառապում էր գաստրոէնտերիտից: Վերջին 40 տարվա ընթացքում թագուհին հիվանդանոցում է եղել ընդամենը հինգ անգամ:
Էլիզաբեթ Երկրորդի այցելությունը կլինիկա նախորդել էր Հյուսիսային Իռլանդիա ուղևորության չեղարկմանը, որից նա հրաժարվել էր բժիշկների հանձնարարությամբ: Սակայն թագուհու շրջապատում կարծում են, որ նա կկարողանա այցելել կլիմայի գագաթնաժողովին, որը շոտլանդական Գլազգոյում տեղի է ունենալու նոյեմբերի սկզբին, ասվում է նյութի մեջ: