ԱՄՆ-ում Սուպերմենի դերը սևամորթ դերասանին վստահելու համար երկրպագուները խնդրագիր են տարածել․ դերասանն արձագանքել է (լուսանկարներ)
Ամերիկյան Warner Bros. կինոընկերությունը փետրվարին հայտարարել էր, որ ամերիկացի ռեժիսոր Ջեյ Աբրամսի և սցենարիստ Թա Նեշի Քոութսի հետ աշխատում են սևամորթ սուպերհերոսի մասին ֆիլմի վրա, գրում է Daily Mail-ը՝ նշելով, որ այդ օրից ի վեր ոգևորված երկրպագուները փորձում են գուշակել՝ ով կարող է հանդես գալ սևամորթ սուպերհերոսի դերում, իսկ երբեմն էլ այդ դերում իրենց նախընտրած դերասանին տեսնելու համար ստորագրահավաք են անցկացնում։
Վերջերս համացանցում է հայտնվել նաև «Լավ տեղ» (The Good Place) սերիալի աստղը Ուիլյամ Ջեքսոն Հարփերին այդ դերը վստահելու մասին խնդրագիր։ Ընդ որում, ինչպես հաղորդավար Ջիմի Քիմելի հետ հարցազրույցի ընթացքում խոստովանել է 41-ամյա դերասանը, դա «իրեն անակնկալի է բերել»։
«Ապշած էի։ Մեկ այլ հարցազրույցի ժամանակ հաղորդավարն ասաց՝ այդ խնդրագիրը Twitter-ում արդեն 55 000 մարդ է հավանել։ Այդ պահին մտածում էի՝ բայց ինչո՞ւ, առհասարակ ինձ ո՞վ է ճանաչում»,- կատակել է դերասանը։
Հարփերը նաև խոստովանել է, որ սևամորթ սուպերհերոսի դերում հանդես գալն իր համար «մեծ պատիվ կլիներ»։
«Դա, իհարկե, կլիներ իմ կյանքում տեղի ունեցած լավագույն իրադարձությունը»,- ասել է նա։
Նշենք, որ ֆիլմի ստեղծման աշխատանքները սաղմնային փուլում են․ դերասանական կազմի և թողարկման ամսաթվի մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։