Շոուբիզնեսյան սկանդալը շարունակվում է. «Քրիստինեն զանգել է երգի հետ կապված, սակայն բանակցություն չի եղել»․ Նարեկ Մակարյան
Ինչպես արդեն հայտնել ենք, շոուբիզնեսյան կրքերը կրկին շիկացել են: Այս անգամ սկանդալի կիզակետում են հայտնվել երգչուհի Քրիստինե Պեպելյանը և երգիչ Նարեկ Մակարյանը: Բանն այն է, օրերս Քրիստինե Պեպելյանը նոր տեսահոլովակ էր ներկայացրել՝ «Հավատա» երգի հիման վրա, ինչը քննարկումների թեժ ալիք բարձրացրեց, քանի որ իրականում այդ երգը պատկանում է մեկ այլ երգչի՝ Նարեկ Մակարյանի: Ու թեև ինքը՝ Պեպելյանը, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում պնդում է, որ Նարեկը երգի հետ որևէ առնչություն չունի: Շոուբիզնեսյան այս սկանդալը բացահայտելու նպատակով, Yelaket.am-ը կապ հաստատեց սիրված երգչի հետ:
Մեկնաբանելով իր անձի շուրջ ստեղծված այս տհաճ միջադեպը, Մակարյանը նշեց, որ միշտ հեռու է մնացել այսպես կոչված սկանդալներից ու այսօր էլ շարունակում է նույն ոգով. «Մեկ բաժակ ջրում սարքված փոթորիկները բացի ժամանակի կորստից ուրիշ ոչ մի արդյունք չեն կարող տալ», - նշեց երգիչը, ավելացնելով, որ ՝ «Հավատա» երգը ոչ թե ներկայացվել է իրեն, այլ ընդհակառակը՝ նա աշխատել է այդ ստեղծագործության վրա, այնուհետև ձայնագրել ու տեսահոլովակ նկարահանել:
«Այսինքն այն մեկնաբանությունը, թե վերջին տասնամյակում երգի հեղինակը օր ու գիշեր փնտրել է Քրիստինե Պեպելյանին, հատուկ իր համար գրված երգը նվիրելու նպատակով, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում», - ընդգծեց երգիչը:
Շարունակելով միտքը, Նարեկ Մակարյանը նշեց, որ Քրիստինե Պեպելյանը զանգահարել է իրեն երգի հետ կապված, բայց իրենց միջև բանակցություն չի եղել. «Նա ինձ միայն հայտնել է, որ տվյալ երգը վաճառվել է իրեն, այսինքն ինչ-որ ժամանակ հոգու խորքից բխած նվերը, որը ես ստացել էի հեղինակից հանվել է վաճառքի», - պարզաբանում է Նարեկը:
Այնպես որ, ասում է, նա հեղինակային իրավունքների մասին խոսելը դյուրին չէ, օրենքների դրույթներ մեջբերելը նույնպես. այստեղ մարդկային հարաբերությունների ոչ այնքան գեղեցիկ ավարտի պատկեր է, այլ կերպ ասած բարոյական ոլորտի խնդիր է:
Ամփոփելով իր խոսքը, երգիչը նշեց, որ էժանագին փիառով չի զբաղվում, քանզի հիմա ավելի առաջախաղացման ավելի ազդեցիկ գործիքներ կան, իսկ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարծիքներ հայտնած անձանց խորհուրդ տվեց. «Եթե կարծում եք, թե փիառ տեխնոլոգիայի զոհ եք դառնում և ձեր միջոցով փորձում են ինքնահաստատվել, մի պատասխանե՛ք ու թույլ մի տվեք, որ ձեզ օգտագործեն»: