Տարածված սովորություններ, որոնք կարող են դառնալ ստամոքսի այրոցի պատճառ
Ստամոքսի այրոցը բավական տհաճ զգացողություններով ուղեկցվող խնդիր է, որը պայմանավորված է լինում ստամոքսի թթու պարունակության՝ կերակրափողում հայտնվելով։ Այս խնդիրն առաջանում է ստամոքսի սեղմանի թուլացման պատճառով։ Որպես կանոն սննդի՝ ստամոքսում հայտնվելուց հետո այդ սեղմանը փակվում է, սակայն երբ այն թուլանում է ու ինչպես հարկն է չի կատարում իր գործառույթները, ստամոքսի պարունակությունը, որն արդեն վերամշակվում է բարձր թթվայնություն ունեցող միջավայրում, մասամբ հայտնվում է կերակրափողում, որտեղ էլ միջավայրը թույլ հիմնային է։ Այս ամենի հետևանքով կերակրափողի լորձաթաղանթը գրգռվում է և ի հայտ են գալիս ստամոքսի այրոցին բնորոշ տհաճ ախտանշաններ՝ այրոցի զգացում ու ցավ։
Սովորաբար ստամոքսի այրոցն առաջանում է ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում և տհաճ զգացողություններն ի հայտ են գալիս ուտելուց 30-45 րոպե անց, իսկ երբեմն էլ դատարկ ստամոքսին, սակայն կան մի շարտ տարածված սովորություններ, որոնք բարձրացնում են ստամոքսի այրոցի հավանականությունը։
Մասնագետները ներկայացրել են ստամոքսի այրոցի պատճառ հանդիսացող երեք տարածված սովորություն, որոնցից խորհուրդ է տրվում հնարավորինս խուսափել։
Չափազանց ձիգ գոտի կամ նեղ հագուստ կրելու սովորություն
Նման հագուստը սեղմում է որովայնն ու բարձրացնում է ներորովայնային ճնշումը։ Այս ամենի հետ մեկտեղ բարձրանում է ճնշումը նաև ստամոքսի ներսում և դրա պարունակությունը բարձրանում է վերև, ինչն էլ հանգեցնում է այրոցի զարգացման։ Նման դեպքերում տհաճ զգացողությունները կարող են պահպանվել բավական երկար, ուստի նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ընտրել ավելի առաձգական հագուստ, որը ճնշում չի գործադրի որովայնի հատվածում։
Սննդի ընդունումից հետո պառկելու սովորություն
Հորիզոնական դիրք ընդունելու դեպքում ստամոքսում գտնվող սննդի մի մասը հատվում է կերակրափողում՝ դառնալով այրոցի ու ցավոտ զգացողությունների պատճառ։ Բանն այն է, որ սննդի մարսման ընթացքում ստամոքսում ճնշումը բարձրանում է, ինչն էլ իր հերթին ճնշում է գործադրում ստամոքսի սեղմանի վրա և օրգանի պարունակության մի մասը հայտնվում է կերակրափողում՝ առաջացնելով տհաճ զգացողություններ։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս սնվելուց հետո ոչ մի դեպքում չպառկել և մոտ մեկ ժամ քայլել։ Եթե ինչ-ինչ պատճառներով մարդն ստիպված է լինում ուտելուց անմիջապես հետո պառկել, ապա տհաճ զգացողությունների առաջացումից հնարավորինս խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պառկել ձախ կողքի վրա, քանի որ այդ դեպքում ստամոքսի դիրքի շնորհիվ արյոցի հավանականությունը կնվազի։
Որոշակի մթերքի գործածություն
Գոյություն ունեն սննդամթերքի տեսակներ, որոնք թուլացնում են կերակրափողի սեղմանն ու դրանով իսկ բարձրացնում ստամոքսի այրոցի առաջացման հավանականությունը։ Սննդամթերքի նման տեսակների շարքին են դասվում քաղցր մթերքը, կաթը, սերուցքն ու յուղոտ մթերքը, ուստի սնվելուց հետո քաղցր ու բարձր յուղայնությամբ տորթ ուտելու դեպքում ստամոքսի այրոցը չպետք է զարմացնի։ Սուրճը նույնպես կարող է դառնալ այրոցի պատճառ, սակայն միայն որոշ դեպքերում։ Այն կարող է դառնալ տհաճ զգացողությունների պատճառ դատարկ ստամոքսին խմելու և ծխախոտի հետ համադրելու դեպքում, քանի որ կոֆեինն ու նիկոտինը ստեղծում են բավական հզոր համադրություն, որը թուլացնում է ստամոքսի սեղմանը՝ հանգեցնելով ստամոքսի այրոցի առաջացման։
Ավելին՝ այստեղ