Հանրապետական կուսակցությունն ունի մեկ պայման, ըստ որի Փաշինյանը կարող է դառնալ վարչապետ
Նիկոլ Փաշինյանին շատ հստակ ասվել է՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով քիչ առաջ ԱԺ-ում Փաշինյանի հետ կայացած հանդիպմանը:
Մեր հիշեցմանը, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը բացառում էր՝ ՀՀԿ-ն քվեարկի Փաշինյանի օգտին, Բաղդասարյանն ասաց, թե դա Կոստանյանի անձնական կարծիքն է:
Վահրամ Բաղդասարյանը դժվարացավ ասել՝ խմբակցությունը միաձայն կքվեարկի՞, թե՞ կաջակցի ընդամենը անհրաժեշտ վեց քվեով:
«Նաեւ կոչ ենք արել եւ առաջարկել, որ ճանապարհների փակումը դադարեցվի, որ մենք հանգիստ ձեւով մայիսի 1-ին գնանք ընտրության: Փաշինյանը մեկ ժամվա ընթացքում ինձ պատասխանելու է»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել է, որ ժողովրդի թեկնածուի օգտին է քվեարկելու, ՀՅԴ-ն նույնպես նշել է, որ Փաշինյանի օգտին կքվեարկեն, արդյոք կարող ենք դրանից ենթադրել, որ մայիսի 1-ին ՀՀԿ-ն Փաշինյանին կողմ կքվեարկի, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Կարող եք ենթադրել, որ մենք չենք խոչընդոտի եւ մայիսի 1-ին կունենանք վարչապետ»:
Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: «Ելք»-ը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:
Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն:
Մանրամասներն Այստեղ