Հավատացեք՝ Աստծուն այս երջանկությունից ավելին չէի էլ խնդրել. Ելենա Վարդանյան
Փետրվարի սկզբին դերասանուհի Ելենա Վարդանյանը լույս աշխարհ բերեց իր առաջնեկին՝ Ալեքսանդրին, որի մասին Life.panorama.am-ը պատմել է իր ընթերցողներին: Դերասանուհին որդու ծնունդից շատ չանցած վերադարձել է հարազատ՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն: Աշխատանքային ծրագրերի, ինչպես նաեւ որդու մասին Ելենան այսօր պատմել է Life.panorama.am-ին: Իր խոսքով՝ հիմա ապրում է կյանքի ամենաերջանիկ շրջանը:
Ավելի մանրամասն ՝ այստեղ
«Հիմա ապրում եմ կյանքիս ամենագունեղ եւ ամենաերջանիկ շրջանը, քանի որ արդեն մայր եմ, ինչը յուրաքանչյուր կնոջ համար ամենամեծ երջանկությունն է. Հավատացեք՝ Աստծուն այս երջանկությունից ավելին չէի էլ խնդրել: Ինչ վերաբերվում է աշխատանքիս, ի շնորհիվ իմ մեծ ընտանիքի՝ կարճ ժամանակ անց վերադարձա թատրոն. մայրս, քույրս, ամուսինս ինձ օգնում են, որպեսզի ես չկտրվեմ իմ թատրոնից: Անշուշտ, ժամանակիս մեծ մասը երեխայիս եմ նվիրում, բայց փորձում եմ ժամանակ հատկացնել նաեւ կարիերայիս, քանի որ սիրում եմ իմ աշխատանքը»,- նշեց Ելենան:
Դերասանուհին արդեն մասնակցում է ներկայացումներին: «Մորգանի խնամին» ներկայացման մեջ անգամ մարմնավորում է գլխավոր հերոսուհուն: Այժմ նա բաց է նաեւ հեռուստատեսային նախագծերում մասնակցության առաջարկների համար: Իր խոսքով՝ յուրաքանչյուր հետաքրքիր հրավերքի դեպքում կփորձի նկարահանվել:
«Գիտեք, թեեւ ես աշխատանքս շատ-շատ եմ սիրում, բայց միշտ, անգամ բալիկիս ծնունդից առաջ ընտանիքս երկրորդ պլանում չեմ թողել, ես միշտ պատշաճ ուշադրություն եմ դարձրել ընտանիքիս: Այդ պատճառով այս իմաստով կարծես մեծ փոփոխություն չի եղել, հիմա էլ եւ աշխատում եմ, եւ ընտանիքում եմ»,- հավելեց նա:
Ելենա Վարդանյանը խոստովանեց, որ մայրանալուց հետո կյանքում շատ բան է փոխվել.
«Տղաս դարձել է կյանքիս եւ անգամ տիեզերքի կենտրոնը, ինձ համար կարծես ամեն ինչ նրա շուրջն է պտտվում»,- նշեց նա:
Խոսելով որդու մասին՝ երջանիկ մայրը նշեց.
«Տղաս իսկական տղամարդ է՝ շատ լուրջ ու զուսպ: Երբեմն իրեն մեծի նման է պահում, արդեն երեւում է, որ ուժեղ բնավորություն ունի: Ես շատ եմ ուզում, որ ապագայում նա ձեռք բերի իմ եւ հայրիկի միայն լավ կողմերը: Շատ եմ ցանկանում, որ իմ տղան, ինչպես իսկական տղամարդը, ապագայում լինի ազնիվ ու արժանի մարդ»: