Ժաննա Ֆրիսկեի մահից հետո երգչուհու ընտանիքը չի կարողանում տեսնել նրա որդուն
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մահվանից հետո նրա ծնողները չեն կարողանում հաճախ տեսնել իրենց թոռանը՝ Պլատոնին: Պատճառը Ֆրիսկեի հոր և ամուսնու՝ հաղորդավար Դմիտրի Շեպելյովի միջև կոնֆլիկտն է, որը ծագել է դեռ Ժաննայի կենդանության օրոք: Կնոջ մահվանից հետո Շեպելյովը խիստ սահմանափակել է երեխայի շփումը տատիկի և պապիկի հետ:
Վերջերս Վլադիմիր Ֆրիսկեն հարցազրույց է տվել թերթերից մեկին ու ակնհայտ քննադատել է նախկին փեսային: Նա ասել է, որ շատ է անհանգստանում թոռան՝ Պլատոնի համար: Ըստ Ֆրիսկեի՝ երեխայի դաստիարակության հարցում Շեպելյովը թերանում է:
«Պլատոնը խելացի ու շնորհալի երեխա է, նրան հարկավոր է բազմակողմանի զարգացնել, իսկ Շեպելյովը տղային թողել է իր ծնողների հույսին ու չի զբաղվում նրանով, քանի որ եթերում պետք է լինի: Իսկ ծնողներն աշխատում են, ժամանակ չունեն: Պլատոնի դայակն ինձ ասել է, որ երեխայի զարգացմանը ոչ ոք լուրջ ուշադրություն չի դարձնում: Շեպելյովն ավելի շատ ձևական կողմին է տուրք տալիս. սևամորթ դաստիարակ է վարձել, տղային հրեական դպրոց է տանում … Այդ ամենը ընդամենը խաղ է»,- ասել է Ժաննա Ֆրիսկեի հայրը:
Նա մեծ անհանգստություն է հայտնել նաև Պլատոնի առողջության համար՝ ասելով, որ Դմիտրի Շեպելյովը լուրջ չի մոտենում դրան, այդ պատճառով էլ 5 տարեկան երեխային արդեն երկու անգամ վիրահատել են: Այդ ամենը, ըստ Վլադիմիր Ֆրիսկեի, մրսածության պատճառով է եղել: Ֆրիսկեն պատմել է նաև, որ մի անգամ Շեպելյովը Պլատոնին բերել է իրենց հետ հանդիպման, և երեխան ցուրտ եղանակին թեթև հագուստով է եղել, իսկ նրա հայրը՝ տաք բաճկոնով: Երբ Ժաննայի ծնողները դիտողություն են արել, Դմիտրին պատասխանել է. «Դա ձեր գործը չէ, ես ավելի լավ գիտեմ, թե ինչ հանգցնեմ իմ երեխային»: