Էրիկը մրցանակը նվիրեց սիրելիին` Լանային, իսկ Իվետան բոբիկ բարձրացավ բեմ. ինչ է կատարվել «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության ժամանակ, և ովքե՞ր են լավագույնները
Կարմիր գորգ, մեծանուն արտիստներ, հատուկ հյուրեր, մշակույթի գործիչներ, համերգային գեղեցիկ համարներ և ամենակարևորը` անվանակարգեր և հաղթողներ. Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: BlogNews.am-ը ներկա է եղել երաժշտական տոնին, ֆիքսել ամենահետաքրքիր պահերը և ներկայացնում է մրցանակակիրներին:
Հայկական երաժշտարվեստի տարբեր ժանրերում արարող անհատների և ստեղծագործական խմբերի գործունեությունն արժևորելու, ինչպես նաև երաժշտական բնագավառում նշանակալի նվաճումները հանրության առավել լայն շերտերին հասու դարձնելու նպատակով 2017 թվականին ՀՀ մշակույթի նախարարությունը ստեղծեց «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Այն մեկնարկեց միանգամից երեք ժանրերում` դասական, ժողովրդական և փոփ: Երեկոյի ընթացքում մրցանակներ հանձնեցին 20 հիմնական և 9 հատուկ անվանակարգում: