Թամարա Գևորգյանը «Lady comedy» ժանրում (Photo)
«Lady comedy» ժանրը աշխարհում հայտնի ձեւաչափ է, որը շուտով կիրականացվի նաեւ Հայաստանում: Դերասանուհի Թամարա Գեւորգյանը եւս նրանց շարքերում հանդես կգա: Life.panorama.am-ի հետ զրույցում Թամարան պատմել է նոր նախագծի եւ այստեղ իր մասնակցության մասին:
«Նախագծի գաղափարը պատկանում է դերասանուհի Լիանա Վարդանյանին. «Lady comedy»-ի նախաձեռնողը հենց նա է: Ասեմ, որ թիմն ինքնանպատակ չի հավաքագրվել, անցկացվել է հատուկ քասթինգ, որի միջոցով պարզ է դարձել, թե ովքեր կարող են ճիշտ ներկայացնել այս ժանրը»,- նշեց Թամարան ու շարունակեց. «Շատ կարեւոր է այն, որ այս ժանրը Հայաստանում դեռեւս չի իրագործվել. մեր ուսերին կարեւոր պարտականություն է դրված, որը պատվով պետք է կատարենք: Այժմ ամեն ինչ արվում է, որպեսզի մատուցվի որակյալ ու գունավոր հումոր: Իհարկե, հիմա չեմ ասի, թե ինչ է սպասվում հանդիսատեսին, բայց խոստանում եմ, որ լինելու է շատ ուրախ ու ծիծաղաշատ մթնոլորտ, ինչը յուրաքանչյուր հումորային ծրագրի գերնպատակն է»:
Հատկանշական է, որ «Lady comedy»-ի բեմում կլինեն բացառապես կանայք, սակայն սցենարի հեղինակները տղամարդիկ են՝ Լեւոն Բեգլարյանը եւ Խաչատուր Առաքելյանը: Այս հանգամանքը դերասանուհին բացատրում է այսպես՝ «Էլ ինչ կանանց անկյուն՝ առանց տղամարդկանց»:
Թամարայի խոսքով՝ իրենց խմբի աղջիկները հաճախ են զրուցում սցենարիստների հետ, պատմում իրավիճակներ, որոնք տղամարդիկ անգամ առաջին անգամն են լսում: Խոսելով դերասանական կազմի մասին՝ Թամարան նշեց. «Ներգրավված են միմիայն դերասանուհիներ, որոնք բոլորն էլ շատ հետաքրքիր ու գունավոր մարդիկ են: Ինքս արդեն վաղուց եմ զբաղվում Stand up ժանրով, ակումբային շատ ելույթներ եմ ունեցել եւ վստահ եմ, որ կինը եւս կարող է հումորային ժանր ներկայացնել»:
Դերասանուհու խոսքով՝ իրենց գերնպատակը այն չէ, որ ապացուցեն՝ կինն էլ կարող է հումոր անել. «Մեր առաջնային նպատակն է թարմ, արդիական ու որակյալ հումորային նախագիծ իրականացնել»,- հավելեց նա: Ի դեպ՝ «Lady comedy»-ն կլինի ինչպես շոու-ներկայացումների տեսքով, այնպես էլ հասանելի կլինի ինտերնետային հարթակում: Խումբը առայժմ հեռուստատեսային ցուցադրության մասին չի մտածում, բայց ապագայի համար՝ չի էլ բացառում:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան