Տեսեք, թե ինչպես են տոնում Զատիկը աշխարհի տարբեր անկյուններում. Տոնի հետաքրքիր ավանդույթները
Գունավոր հավկիթներ, ձուկ, գինի, կանաչեղեն, իսկ սեղանի շուրջ ընտանիքի անդամները կռվում են հավկիթներով. Նա, ում հավկիթի կեղեւը չի ջարդվում, դառնում է այս ավանդական խաղի հաղթողը: Այսպես են տոնում Հայաստանում Զատիկը, այլ կերպ ասած` Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:
Միգուցե, մեր ավանդույթները տարօրինակ թվան այլ երկրների ներկայացուցիչների համար, քանի որ աշխարհի տարբեր երկրներում Զատիկը տոնելու տարբեր ավանդույթներ կան:
Այսօր կփորձենք ներկայացնել, թե ինչպես են տոնում Զատիկը աշխարհի տասը երկրներում.
Ֆինլանդիայում երեխաները Զատիկին ներկում են երեսը, գլխին եւ պարանոցին փաթաթում են շարֆ եւ դուրս են գալիս փողոց` մուրացկանության: Արեւմտյան Ֆինլանդիայի որոշ հատվածներում մարդիկ խարույկ են վառում: Համաձայն ավանդույթի` ծուխն իր հետ տանում է երկրի վրա շրջող չար հոգիներին:
Լեհաստանում Զատիկի օրը նմանվում է հայկական Վարդավառին: Մարդիկ միմյանց վրա ջուր են լցնում: Այս ավանդույթը կոչվում է Սմինգուս-Դինգուս: Ըստ լեգենդի` այն աղջիկները, որոնց ջրեն, տարվա ընթացքում կամուսնանան:
Հունաստանի որոշ հատվածներում Զատիկի օրը պատուհանից դեն են նետում հին սպասքը` թավաները, կուժերը եւ այլն: Ինչ-որ չափով այս ավանդույթը նման է Վենետիկի Ամանորյա ավանդույթին, երբ պատուհանից դեն են նետում հին իրերը:
Նորվեգիայում Զատիկին ընդունված է ընթերցել կրիմինալ պատմվածքներ: Հեղինակների կողմից ստեղծվում են հատուկ այդպիսի գրքեր, որոնք անվանում են «Զատիկի օրվա թրիլերներ»: Այս ավանդույթը սերում է 1923 թ-ից: