Նախագահը հանձնարարել է ուսումնասիրել, թե ի՞նչ նպատակով է այդ աղջիկը մի քանի անգամ այցելել Ադրբեջան
Տեղեկատվություն կա, որ Ասյա Խաչատրյանը մի քանի անգամ եղել է Բաքվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը, անդրադառնալով վերջին օրերին աղմուկ հանած տեսանյութին, որում Ասյա Խաչատրյանը պատմում է, որ Արցախի ոստիկանները բռնություն են կիրառել իր դեմ:
«Ասյա Խաչատրյանը մեզ համար նորություն չէ: Ես կարծում եմ, որ այդ հարցում անձամբ ես թերացել եմ, որովհետև ժամանակին ասվել է, ցավոք, մենք դա չկարողացանք ապացուցել, չճշտված տեղեկություն է, որ Թիֆլիս իր հաճախ այցերի ժամանակ, մեր այսպես կոչված ազատատենչ աղջիկն իր ընկերուհիների հետ մի քանի անգամ եղել է Բաքվում: Վրաստանով միշտ ավելի հեշտ է անցնել Ադրբեջան` առանց անձնագրի մեջ հստակ նշումների, և այդ նշումները, ցավոք սրտի, չկան: Եվ անակնկալ այցը Արցախ… Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 1-3-ը, այնտեղ միջադեպը միանգամայն այլ բնույթ է ունեցել: Արցախի նախագահի հանձնարարականը համապատասխան մարմիններին՝ ուշադիր ամեն ինչ ուսումնասիրել և հետևել, թե ի՞նչ նպատակներով է այդ աղջիկը նախ` մի քանի անգամ այցելել Վրաստանից Ադրբեջան, արդյոք գտնվո՞ւմ է նրանց համապատասխան ծառայությունների ուշադրության կենտրոնում»,- նշեց Իսագուլյանը:
Բանախոսը նաև ընդգծեց՝ պետք չէ զարմանալ, որ Արցախում հայտնված ցանկացած մեկը, ով իրեն վուլգար է պահում, կարող է ուշադրության արժանանալ. «Արցախը գտնվում է պատերազմի մեջ, և Արցախում ցանկացած մեկի հայտնվելը, այն էլ` երբ նա իրեն շատ վուլգար է պահում, պետք է անպայման արժանանա ուշադրության… Հիմա ես ուզում եմ, որ ուսումնասիրեք, չի կարելի ոչ ճիշտ տեղեկատվություն տալ մամուլին, հանդես գալ որպես տուժող կողմ, ամբողջ Հայաստանը խառնել իրար ու Արցախը վարկաբեկել այն դեպքում, երբ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում»: