«Սոնան չի մահացել, գնացել է հավիտենություն». Երևանում 17-ամյա ուսանողուհին մահացու վրաերթի է ենթարկվել
Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Մյասնիկ Խաչատրյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ:
55-ամյա Մյասնիկ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2017 թվականի հուլիսի 14-ին, ժամը 12-ին Մարտունի քաղաքի Աբովյան փողոցից դեպի Մյասնիկյան փողոց 53.3 կմ/ժ արագությամբ վարելով իրեն պատկանող «ՎԱԶ- 2106» ավտոմեքենան, թույլ է տվել ՃԵԿ համապատասխան կետերի պահանջներին հակասող գործողություններ՝ ունենալով վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն, նա ժամանակին միջոցներ չի ձեռնարկել մեքենան կանգնեցնելու կամ արագությունը դանդաղեցնելու համար այն հաշվով, որ հետիոտնը դուրս գար վտանգավոր գոտուց:
Մյասնիկ Խաչատրյանը վրաերթի է ենթարկել Մարտունի քաղաքի 17-ամյա բնակչուհի, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Սոնա Կ.-ին:
Ստացած վնասվածքներից աղջիկը հուլիսի 23-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է:
Մյասնիկ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով: Նա առնվել էր կալանքի տակ:
Առաջադրված մեղադրանքում Մյասնիկ Խաչատրյանն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ դեպքի օրն իր մեքենայով երթևեկում էր Մարտունի քաղաքի Աբովյան փողոցով:
Մոտ 30 մետրից նկատել է, որ իր երթևեկելի ձախ ուղեմասի մայթով Աբովյան փողոցից դեպի Մյասնիկյան փողոց է քայլում Սոնա Կ.-ն: Նկատել է, որ աղջիկը մի պահ կանգ է առել, աջ ոտքը առաջ է դրել ու փորձել է հատել փողոցը, բայց չի հատել: