Արմեն Պետրոսյանը ՝ ավտովթարի հետևանքով Գարիկ Սեփխանյանի առողջական վիճակի մասին
Երեկ՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 16:00-ի սահմաններում Եղվարդի խճուղում բախվել են Mercedes մակնիշի 33 UV 511 համարանիշի եւ Infiniti մակնիշի 69 PP 666 համարանիշի մակնիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որոնցից մեկը «Ֆուլ հաուիս»-ից հայտնի դերասան Գարիկ Սեփխանյանն է. վերջինս վարել է Mercedes մակնիշի մեքենան:
Դերասանն ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում հանդես եկավ հայտարարությամբ՝ վստահեցնելով, որ իր հետ ամեն ինչ նորմալ է, սակայն Life.panorama.am-ին նրա հետ կապ հաստատել չհաջողվեց: Գարիկի առողջական վիճակի, ինչպես նաեւ ավտովթարի հետ կապված մանրամասների մասին խոսելու նպատակով Life.panorama.am-ը խոսեց «Ֆուլ հաուս»-ի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի հետ:
«Գարիկի մոտ ամեն ինչ նորմալ է, նա այսօր էլ կմնա հիվանդանոցում եւ վաղն արդեն դուրս կգրվի»,- նշեց Արմենը: Մենչի փոխանցմամբ՝ ավտովթարից թերեւս ամենամեծ տուժողը Գարիկն է եղել. «Ավտովթարի հետեւանքով մնացած տուժածները հիվանդանոցում առաջին օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, նրանք անգամ հիվանդանոցում չեն գիշերել»,- նկատեց նա:
Ավտովթարի պատճառների մասին Արմեն Պետրոսյանը տեղեկություններ չկարողացավ հայտնել: Ստորեւ ներկայացնում ենք ավտովթարից հետո Գարիկ Սեփխանյանի գրառումը. «Իմ շատ սիրելի երկրպագուներ եւ հարգելի հետաքրքրասերներ, այսօր փոքր անզգուշության հետեւանքով վթարի եմ ենթարկվել, ինչի հետեւանքով ստացել եմ թեթեւ վնասվածք: Այժմ հիվանդանոցում եմ, եւ փառք Աստծո, ինձ լավ եմ զգում: Պետք է ասեմ, որ ամեն ինչ այդքան էլ սարսափելի չէ։ Հիվանդանոցում բժիշկները հոգատար են, ինչի համար շատ շնորհակալ եմ»:
Life.panorama.am-ը Գարիկ Սեփխանյանին շուտափույթ ապաքինում է մաղթում: