Լիանա Զուրաբյանը` իր անձնական կյանքի մասին պատմող սկանդալային թողարկման մասին
Երեկ Հանրային հեռուստաընկերության «Եկեք հասկանանք» հաղորդման հերթական թողարկման ժամանակ քննարկվում էր միայնակ մայրերի խնդիրը, որի հյուրն էր ասմունքող Լիանա Զուրաբյանը: Հաղորդման գրեթե սկզբում, երբ հաղորդավարները փորձեցին անդրադառնալ նրա անձնական կյանքին, Լիանան բարկացավ եւ դուրս եկավ տաղավարից, որից հետո զրույցը շարունակեցին նրա քույրը, որդու հայրը եւ հորեղբայրը: Լիանայի որդու հոր՝ Արմենի պահվածքը, իսկ վերջում նաեւ որդուն ազգանուն տալուց հրաժարվելն ու հայտարարելը, թե չի ցանկանա միավորվել Լիանա Զուրաբյանի հետ, գրավեց հանրության ուշադրությունն ու առաջացրեց նրանց զայրութը: Այս թեմայի շրջանակում Life.panorama.am-ը զրուցել է Լիանայի հետ:
«Ես գնացել էի այդ հաղորդմանը մասնակցելու, որպեսզի բարձրացնեի մանկապարտեզներում մսուր բաժին բացելու հարցը, որի մասին ամիսներ առաջ վարչապետին ուղղված բաց նամակաով խոսել եմ: Կարծում եմ՝ սա մի խնդիր է, որը շատ միայնակ մայրերին է մտահոգում: Այսինքն՝ իմ անձնական կյանքը քննարկելու համար չէր, որ գնացել էի այդ հաղորդմանը, այդ պատճառով, երբ սկսեցին խոսել այդ մասին, ես պարզապես հեռացա տաղավարից: Միաժամանակ՝ հաղորդման դեմ ոչինչ չունեմ, անգամ շնորհակալ եմ, որ նրանք ուզում էին բարի գործ անել եւ ընտանիք միավորել»,- նշեց Լիանան:
Անդրադառնալով որդու հոր՝ Արմենի պահվածքին, եւ հարցին, թե արդյոք Լիանան իսկապես կցանկանար միանալ նրան, պատասխանեց.
«Ես ամեն անգամ ասել եմ՝ շնորհակալ եմ նրան ինձ Լեւոն Արշակ պարգեւելու համար: Ես երջանիկ մայր եմ, ես ունեմ հզոր տղա, իսկ այդ անփոխարինելի երջանկության համար ես իսկապես շնորհակալ եմ նրան: Որեւէ վատ բան խոսել նրա հասցեին չեմ ուզում, ամեն մարդ էլ ունի իր քայլերի պատճառները: Ինչ վերաբերվում է նրա հետ միանալու հարցին, թերեւս այսպես պատասխանեմ. Աստծո գործերը անքննելի են, ինչպես որ տարիներ առաջ ես ու Արմենը միացանք եւ ծնվեց Լեւոն Արշակը, ով հզոր մարդ է, ի՞նչ գիտես, թե հետագայում ինչ կլինի: Իհարկե, ես ուզում եմ, որ աշխարհի բոլոր երեխաները եւ այդ թվում իմ որդին լիարժեք ընտանիքում մեծանա, բայց այդ հարցում միայն Աստված է որոշումներ կայացնում: Հիմա ես միայն կարող եմ էլի ու էլի կրկնել՝ ես երջանիկ մայր եմ»:
Նյութի աղբյուրը՝ այստեղ