Ալավերդցի Վահագը կալանավայրում իրեն ապահով է զգում. վստահ է, որ արդարացնելու են
Yerkir.am-ը գրում է.
Հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու, Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու և Ռ.Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու համար մեղադրվող քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը՝ Ալավերդցի Վահագը, վստահ է, որ իրեն արդարացնելու են: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Աբգարյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը: Նրա խոսքով՝ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը և հրաժարվում է ցուցմունքներ տալ:
Ճարոյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ ընդամենը մեկ քննչական գործողություն՝ առերեսում է կատարվել: Նա հայտնեց, որ մինչ օրս իր պաշտպանյալին կաշառք տալու մեղադրանք էլ չի առաջադրվել:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում քննվող մեկ այլ գործի համաձայն՝ Վահագն Աբգարյանը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով իր և իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար:
Այս գործով մեղադրանք է առաջադրվել ՔԿ երկու ծառայողի:
Մեզ հետ զրույցում Հակոբ Ճարոյանը խոսեց նաև իր պաշտպանյալի անվտանգության մասին: Հարցին` արդյո՞ք մտահոգություն չկա, որ նրա նկատմամբ դարձյալ կփորձեն մահափորձ իրականացնել, պաշտպանըպատասխանեց. «Անվտանգության խնդիր չկա, այն ժամանակ ինքն ազատության մեջ էր, դրա համար փորձեցին սպանել, իսկ այսօր նա մեկուսացված է, և նրա նկատմամբ որևէ բան չեն կարող անել»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում