«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Դիլիջան, 18 Օգոստոս, 2026թ․– Հայաստանի մարզային երիտասարդների համար նոր կրթական և մասնագիտական հնարավորություններ ստեղծելու նպատակով «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Գործընկերությունը միավորում է երկու կազմակերպությունների փորձն ու ներուժը՝ աջակցելու դպրոցականներին, ուսուցիչ-առաջնորդներին և համայնքներին՝ իրենց կրթական և մասնագիտական զարգացման ճանապարհին։
Հուշագիրը նախատեսում է համատեղ նախաձեռնություններ, որոնք կօգնեն «Դասավանդի′ր հանուն Հայաստանի» և «Սերունդ» դպրոցի վերափոխման ծրագրերի շրջանակներում ներգրավված երիտասարդներին, ինչպես նաև «Ուսուցչական առաջնորդության» մագիստրոսական ծրագրի մասնագետներին ավելի լավ ճանաչել հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտում կրթության, մասնագիտական աճի և կարիերայի հնարավորությունները։ Միևնույն ժամանակ, համագործակցությունը կխթանի ուսուցիչ-առաջնորդների մասնագիտական զարգացումը և երիտասարդների առաջնորդական, հաղորդակցական ու այլ փափուկ հմտությունների ձևավորումը։
Համագործակցության շրջանակում նախատեսվում է կազմակերպել մասնագիտական կողմնորոշման հանդիպումներ և աշխատարաններ դպրոցներում, ներկայացնել «Ապիցիուս Արմենիա» հյուրընկալության միջազգային դպրոցի կրթական ծրագրերը, իրականացնել թեմատիկ քննարկումներ ուսուցիչ-առաջնորդների համար, ինչպես նաև ներգրավել ոլորտի փորձագետների՝ սոցիալ-հուզական ուսումնառության, հաղորդակցության, թիմային աշխատանքի և առաջնորդության թեմաներով։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Տավուշի մարզի դպրոցների և համայնքների երիտասարդների ներգրավմանը համատեղ կրթական և համայնքային նախաձեռնություններում։
Ստորագրված հուշագիրը հիմնված է փոխադարձ վստահության, թափանցիկության, ներառականության և երեխայի լավագույն շահի սկզբունքների վրա։ Կողմերը նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու երեխաների պաշտպանության, անձնական տվյալների պահպանման և պատասխանատու հանրային հաղորդակցության բարձր չափանիշներ։
«Այս համագործակցությունը նոր քայլ է դեպի կրթության և աշխատաշուկայի միջև ավելի ամուր կապերի ձևավորում։ Այն նպատակ ունի օգնել երիտասարդներին բացահայտել իրենց ներուժը, կատարել գիտակցված մասնագիտական ընտրություն և վստահությամբ կառուցել իրենց ապագան՝ անկախ նրանց գտնվելու վայրից», ասել է «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի փոխտնօրեն Գոռ Նազարյանը:
«Հաշվի առնելով մեր երկու կազմակերպությունների նպատակների ու արժեքների նմանությունը, կարծում եմ, այս համագործակցությունն ուղղակի անխուսափելի էր։ Կասկած չունեմ, որ, համատեղելով մեր գիտելիքներն ու փորձառությունը, կկրկնապատկենք մեր աշխատանքի արդյունավետությունը՝ Հայաստանում կրթության ոլորտի ու համայնքների զարգացման համար», ասել է «Գրին Ռոք» հիմնադրամի տնօրեն Կատյա Բրեդիխինան։
«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը կրթության ոլորտում համակարգային փոփոխություններ իրականացնող կազմակերպություն է։ Իր հիմնական ծրագրերի՝ «Ուսուցիչների առաջնորդության», «Սերունդ» դպրոցի փոխակերպման ու ԱԲ հեղինակային դպրոցի, «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագրի, «Կայծ» սոցիալական նորարարությունների ինկուբատորի և Հանրային քաղաքականության լաբորատորիայի միջոցով հիմնադրամը խթանում է կրթության ոլորտում առաջնորդությունը, նորարարությունը և տվյալահեն քաղաքականությունների մշակումը՝ ամեն տարի դրական ազդեցություն ունենալով ավելի քան 20,000 սովորողի կրթական փորձառության վրա։
Գրին Ռոք բարեգործական հիմնադրամն իրականացնում է համայնքային զարգացման երկարաժամկետ ծրագրեր Դիլիջան քաղաքում և հարակից գյուղերում՝ երեք հիմնական ուղղություններով՝ արվեստ և մշակույթ, համայնք և կայուն զարգացում։ Հիմնադրամի կարևորագույն նախաձեռնություններից է Ապիցիուս Արմենիա Հյուրընկալության միջազգային դպրոցը, որը ստեղծվել է Գրին Ռոք հիմնադրամի և Ֆլորենցիայի Apicius International School of Hospitality-ի համագործակցության արդյունքում։ Դիլիջանում գործող դպրոցը նպատակ ունի Հայաստանում ներդնել եվրոպական չափանիշներին համապատասխան կրթություն հյուրընկալության և խոհարարական արվեստի ոլորտներում՝ զարգացնելով ոլորտի նոր սերնդի մասնագետներին անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։