Եթե hարձակումները շարունակվեն Իրանի պետական բուրգի վրա, երկիրը կկանգնի տարածքային ամբողջականության կnրստի առաջ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալի հետ զրույցում անդրադարձել է Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական օրհասական իրավիճակին։
Անդրադառնալով Իրանի կողմից Ադրբեջանին հնարավոր հարվածներ հասցնելու լուրերին՝ Կարապետյանը նշեց, որ թեև կան տեսանյութեր և տեղեկություններ, սակայն Իրանի համար Ադրբեջանի ուղղությունը հիմա առաջնահերթություն չէ։
«Այս պահին Թեհրանի գլխավոր խնդիրը պետական կառուցվածքի կայունության պահպանումն է, քանի որ նրանք գրեթե ամեն օր կորցնում են երկրի ղեկավար կազմի ներկայացուցիչներին։ Ադրբեջանի հետ հակամարտության մեջ մտնելը կնշանակի բախվել նաև Թուրքիայի հետ, ինչը պատերազմը կվերածի երկարատև ու արյունալի ցամաքային բախման»,- ընդգծել է նա։
Նարեկ Կարապետյանը զգուշացրել է, որ Իրանի հնարավոր փլուզումը շատ ավելի ծանր հետևանքներ կունենա աշխարհի համար, քան սիրիական ճգնաժամը։
«Ժողովրդագրական առումով Իրանն ունի 90 միլիոն բնակչություն, ինչը չորս անգամ ավելի է, քան Սիրիան, և ունի բազմաթիվ էթնիկ փոքրամասնություններ։ Անկայունությունը կհանգեցնի գլոբալ ճգնաժամի՝ առաջացնելով անվերահսկելի միգրացիա, լոգիստիկ շղթաների, այդ թվում՝ Սուեզի ջրանցքի և Պարսից ծոցի հատվածների խափանում, ինչպես նաև նավթի գների աստղաբաշխական աճ։ Տնտեսական տեսանկյունից սա կհանգեցնի համաշխարհային դեպրեսիայի և գնաճի, որից ոչ մի պետություն չի շահի»,- նշել է նա։
Ըստ Կարապետյանի՝ հակամարտության հիմքում անվտանգության երաշխիքների բացակայությունն է։ Իրանին պետք են երաշխիքներ իր գոյության համար, իսկ Իսրայելին՝ երաշխիքներ Իրանի դեմ։
«Մեզ պետք է նոր «Վեստֆալյան համաձայնագիր»՝ դիվանագիտական լուծում, նախքան պատերազմը կայրի ամբողջ տարածաշրջանը։ Եթե հարձակումները շարունակվեն Իրանի պետական բուրգի վրա, երկիրը կկանգնի տարածքային ամբողջականության կորստի առաջ, ինչը հսկայական խնդիր կդառնա բոլորի համար»,- եզրափակել է Կարապետյանը։