Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
Politics

Ժողովրդագրական «ձմեռը»՝ որպես համաշխարհային և տեղական մարտահրավեր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժողովրդագրական խնդիրները վերջին տասնամյակներում աստիճանաբար վերածվել են համաշխարհային մարտահրավերի, որը խորապես ազդում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների սոցիալտնտեսական, քաղաքական և անվտանգային օրակարգի վրա։ Այն, ինչը մինչև վերջերս համարվում էր հեռավոր ապագայի հնարավոր սցենար, այսօր դարձել է շատ երկրների անմիջական իրականություն՝ պահանջելով արագ, համապարփակ և համակարգված պատասխան միջոցներ։ Բնակչության ծերացման, ցածր ծնելիության մակարդակի և աշխատունակ բնակչության կրճատման հետևանքները զգալի ազդեցություն են ունենում սոցիալական ապահովության համակարգերի, տնտեսական արտադրողականության մակարդակի, նույնիսկ պետությունների աշխարհաքաղաքական դիրքավորման և ազգային անվտանգության վրա։

Եվրոպական երկրները, որոնք տասնամյակներ շարունակ ապահովում էին բարձր կենսամակարդակ և զարգացած սոցիալական ապահովության համակարգեր, այսօր կանգնած են ժողովրդագրական ճգնաժամի առաջ։ Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան և շատ այլ երկրներ գրանցում են ծնելիության ցածրագույն ցուցանիշներ իրենց պատմության մեջ, երբ ընտանիքում երեխաների միջին թիվը շատ դեպքերում չի անցնում մեկը կամ երկուսը։ Այս երևույթը կապված չէ միայն անհատական ընտրության հանգամանքի հետ, այլ արտացոլում է տնտեսական, սոցիալական և մշակութային խորքային փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել անցած քառասուն-հիսուն տարվա ընթացքում։ Կրթության թանկացման հարցը, կյանքի տևողության երկարացումը, կանանց աշխատանքային շուկայում ավելի ակտիվ մասնակցությունը, բնակարանային և բնակավայրային խնդիրները, աշխատանքի և անձնական կյանքի հաշտեցման դժվարությունները, կարիերայի առաջնահերթությունը և այլ թեմաներ նպաստել են ամուսնության և առաջին երեխայի ծննդյան տարիքի էական հետաձգմանը, ինչն իր հերթին սահմանափակել է ընտանիքում երեխաների ընդհանուր թվի քանակը։

Արևելաասիական երկրներում, մասնավորապես Ճապոնիայում և Հարավային Կորեայում իրավիճակը հասել է նույնիսկ ավելի տագնապալի մակարդակի։ Ճապոնիայում ծնելիության ցուցանիշը գտնվում է մոտ 1,15 երեխայի մակարդակի վրա՝ մեկ կնոջ հաշվով, իսկ Հարավային Կորեայում այն իջել է մինչև 0,72, որը համարվում է աշխարհում ամենացածրը։ Այս երկրներում ժողովրդագրական ճգնաժամը նոր դժվարություններ է առաջ բերում, որոնք հաղթահարելը հեշտ գործ չէ։ Սինգապուրը, Թայվանը և Հոնկոնգը նույնպես բախվում են նմանատիպ խնդիրների՝ չնայած տնտեսական զարգացման բարձր մակարդակին և պետական աջակցության զգալի ծրագրերին։

Ռուսաստանի ժողովրդագրական խնդիրը ձեռք է բերել առանձնահատուկ բնույթ հատկապես վերջին տարիներին՝ երկարատև ռազմական գործողությունների պայմաններում։ Երկիրը, որը Խորհրդային Միության փլուզումից հետո արդեն իսկ կրում էր բնակչության կտրուկ նվազման և ծնելիության անկման հետևանքները, այժմ բախվում է լրացուցիչ մարտահրավերների։ Աշխատունակ տարիքի տղամարդկանց կորուստները, արտագաղթի ավելացումը, բնակչության ծերացման արագացումը ստեղծում են այնպիսի մի իրավիճակ, որն ուղղակի վտանգում է երկրի երկարաժամկետ տնտեսական զարգացումը և սոցիալական կայունությունը։ Ռուսաստանի կառավարությունը առավելագույնս փորձում է կիրառել տարբեր խթանիչ համակարգեր, ներառյալ զգալի ֆինանսական օգնության տրամադրում երեխա ունեցող ընտանիքներին, մայրական կապիտալի հետ կապված ծրագրեր, բնակարանային աջակցություն, սակայն արդյունքները մինչ այժմ շարունակում են մնալ սահմանափակ։

Հունաստանի վիճակը Եվրոպայում ժողովրդագրական ճգնաժամի առանձնահատուկ դրսևորում և օրինակ է համարվում։ Երկիրը, որն արդեն տառապում էր տնտեսական ճգնաժամից և երիտասարդների զանգվածային անգործությունից, վերջին տարիներին բախվել է դպրոցների զանգվածային փակման անհրաժեշտությանը՝ պարզապես երեխաների թվի կտրուկ նվազման պատճառով։ Միայն մեկ տարվա ընթացքում հարյուրավոր դպրոցներ ստիպված եղան փակել իրենց դռները, քանի որ չունեին բավարար թվով աշակերտներ։ Այս երևույթը ոչ միայն արտացոլում է ժողովրդագրական խնդրի սրությունը, այլև ցույց է տալիս դրա անմիջական ազդեցությունը կրթական ենթակառուցվածքի, պետական բյուջեի, տեղական համայնքների և սոցիալական հյուսվածքի վրա։ Հունաստանի կառավարությունը հայտարարել է խոշոր ֆինանսական փաթեթի մասին, որը նպատակաուղղված է ծնելիության խթանմանը և ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, սակայն փորձագետները նշում են, որ միայն դրամական, նյութական խթանիչները անբավարար են՝ առանց համակարգային տնտեսական և սոցիալական բարեփոխումների։

Չինաստանը, որը տասնամյակներ շարունակ վարում էր խիստ ժողովրդագրական քաղաքականություն՝ սահմանափակելով ընտանիքներում երեխաների թիվը, այժմ հայտնվել է հակառակ խնդրի առաջ։ Երկիրը փորձում է խթանել ծնելիությունը՝ թույլատրելով երեք և ավելի երեխաներ, սակայն երիտասարդ ընտանիքները ցուցաբերում են սահմանափակ ոգևորություն այս ուղղությամբ։ Բարձր կրթական ծախսերը, բնակարանների թանկացումը, աշխատանքային մրցակցության սաստկությունը և կարիերայի մասին մտահոգությունները նպաստում են, որ նույնիսկ երկրորդ երեխա ունենալը դիտվում է որպես էական ֆինանսական և անձնական բեռ։

Ժողովրդագրական խնդիրը, սակայն, չի սահմանափակվում միայն ծնելիության ցածր ցուցանիշներով։ Միգրացիայի երևույթը դառնում է ժողովրդագրական իրավիճակի անբաժանելի մասը՝ ստեղծելով լրացուցիչ մարտահրավերներ։ Շատ երկրներ ամենաակտիվ, կրթված և աշխատունակ բնակչության մասով կորուստներ են ունենում արտագաղթի պատճառով։ Երիտասարդները, որոնք չեն տեսնում հեռանկար իրենց երկրում, որոշում են փնտրել ավելի լավ կենսապայմաններ օտար երկրներում։

Հայաստանի համար նույնպես (առավել ևս) ժողովրդագրական խնդիրը ձեռք է բերել առանձնահատուկ սրություն՝ հաշվի առնելով երկրի պատմական փորձը, աշխարհաքաղաքական դիրքը, տարածքային սահմանափակումները և վերջին տասնամյակների սոցիալտնտեսական ու քաղաքական իրադարձությունները։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում իրավիճակը դեռևս չի հասել այնպիսի ծայրահեղ մակարդակի, ինչպիսին դիտվում է Հունաստանում կամ Հարավային Կորեայում, բոլոր ցուցիչները վկայում են, որ, առանց ակտիվ միջամտության և համակարգային քաղաքականության, մենք արագորեն կշարժվենք այդ ուղղությամբ։ Ծնելիության ցածր մակարդակը, արտագաղթի չնվազող տեմպերը, տնտեսական անորոշությունը, սոցիալական ապահովության խնդիրները միասին ստեղծում են մի իրադրություն, որը պահանջում է հատուկ ուշադրություն և համապարփակ ռազմավարություն։

Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի արմատական պատճառներից առաջինը կապված է սոցիալ-տնտեսական պայմանների հետ, որոնք ուղղակիորեն ազդում են երիտասարդների որոշումների վրա՝ հատկապես ամուսնության և ընտանիք կազմելու հետ կապված։ Աշխատանքի շուկայի անկայունությունը, բավարար վարձատրության բացակայությունը, կարիերայի զարգացման սահմանափակ հեռանկարներն այնպիսի պայմաններ են ստեղծում, որ ամուսնության տարիքը էականորեն հետաձգվի։ Եթե ավելի վաղ սերունդների պարագայում ամուսնանալը և ընտանիք կազմելը սովորաբար տեղի էին ունենում քսաներկուսից քսանհինգ տարեկանում, այժմ այս տարիքը հաճախ հասնում է երեսուն և ավելի տարեկանի։ Երբ երիտասարդները հետաձգում են ամուսնությունը՝ մտահոգված տնտեսական կայունությամբ, բնակարանային հարցով, աշխատանքային ապահովությամբ, ինքնաբերաբար հետաձգվում է նաև առաջին երեխայի ծննդյան պահը, ինչը կարճացնում է ընտանիքում երեխաների ընդհանուր թվի հնարավորությունները։

Տնտեսական բաղադրիչը, սակայն, ունի նաև ավելի խոր շերտավորվածություն։ Հայաստանում միջին աշխատավարձի մակարդակը շատ ընտանիքների համար անբավարար է՝ երեխա մեծացնելու նորմալ պայմաններ ապահովելու համար։ Երբ հաշվի է առնվում մանկական սննդի, հագուստի, կրթության, առողջապահական ծառայությունների, արտադասարանական պարապմունքների արժեքը, ստացվում է, որ մեկ երեխայի ապահովումը պահանջում է զգալի ֆինանսական ռեսուրսներ, որոնք շատ ընտանիքների համար դառնում են ուղղակի շռայլություն։ Սա հատկապես վերաբերում է երկրորդ և երրորդ երեխաների պարագային, երբ ընտանիքը պետք է ապահովի բոլոր երեխաների համար համարժեք պայմաններ։ Այս համատեքստում կառավարության առաջարկությունները՝ տրվող միանվագ նպաստի չափը հավասարեցնել՝ սահմանելով 500 հազար դրամ, իսկ 3-րդ և հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը վճարել 50 հազար դրամ, կարևոր քայլեր են, սակայն ոչ բավարար։

Երբ ընտանիքի հիմնական խնդիրը կապված է կայուն եկամտի, բնակելի տարածության, աշխատանքային երաշխիքների բացակայության հետ, ապա կարճաժամկետ ֆինանսական խթանները կարող են ունենալ միայն մասնակի և ժամանակավոր էֆեկտ։

Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի ամենակարևոր բաղադրիչներից մեկը, բնականաբար, եղել է ու կա բնակապահովության խնդիրը: Երևանում և մյուս խոշոր քաղաքներում բնակարանների գները վերջին տարիներին աճել են այնպիսի տեմպերով, որ դրանք դարձել են գործնականում անհասանելի սովորական աշխատավարձի հույսին մնացած երիտասարդների համար։ Երիտասարդ զույգերը հայտնվում են այնպիսի իրավիճակում, երբ անհրաժեշտ է կա՛մ տասնամյակներով վարկեր վերցնել, կա՛մ շարունակել ապրել ծնողների կամ հարազատների հետ, ինչը, իր հերթին, ստեղծում է լրացուցիչ սթրես և սահմանափակում ընտանեկան հարաբերությունների զարգացումը։ Ընդ որում, բնակարանաշինությունը հիմնականում կենտրոնացած է Երևանում և հարակից տարածքներում, մինչդեռ մարզերում, գյուղական բնակավայրերում, սահմանամերձ շրջաններում բնակարանային ենթակառուցվածքի զարգացումը գտնվում է շատ ավելի ցածր մակարդակի վրա։ Սա ստեղծում է հավել յալ անհավասարություն և խթանում է ներքին միգրացիան դեպի մայրաքաղաք, ինչն իր հերթին սրում է Երևանի բնակարանային խնդիրը և թողնում է մարզերը առանց աշխատունակ բնակչության։ Անշարժ գույքի շուկայի կառուցվածքը Հայաստանում արտացոլում է ավելի լայն սոցիալական անհավասարության խնդիրը։ Մի կողմից՝ կան անհատներ և կազմակերպություններ, որոնք կուտակել են ահռելի քանակությամբ անշարժ գույք՝ օգտագործելով դրանք որպես ներդրման գործիք կամ հարկային օպտիմալացման միջոց, մյուս կողմից էլ՝ կան երիտասարդ ընտանիքներ, որոնց համար նույնիսկ փոքր բնակարանի ձեռքբերումը մնում է անհասանելի երազանք։

Բնակարանային խնդրի լուծումը պահանջում է համակարգային մոտեցում, որը ներառում է հարկային քաղաքականության վերանայում, սոցիալական բնակարանաշինության ծրագրերի մշակում, երիտասարդ ընտանիքների համար նպաստավոր վարկավորման մեխանիզմների ստեղծում, մարզերում և գյուղական տարածքներում տնտեսությունների զարգացման խթանում։ Անհրաժեշտ է ապահովել, որ բնակարանը դառնա հասանելի ոչ միայն ֆինանսական ռեսուրսներ տիրապետող հատվածի, այլև միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար, որոնք կազմում են հասարակության մեծամասնությունը։

Աշխատանքի շուկայի խնդիրները ևս հասկանալիորեն խորապես կապված են ժողովրդագրական իրավիճակի հետ։ Հայաստանում, չնայած վերջին տարիներին տնտեսական որոշակի աճին, աշխատատեղերի ստեղծումը չի համապատասխանում աշխատանքի շուկա մտնող երիտասարդների թվին։ Բացի այդ, ստեղծվող աշխատատեղերի զգալի մասը կենտրոնացած է ցածր արժեք ավելացնող ոլորտներում, որտեղ աշխատավարձերը մնում են ցածր, իսկ աշխատանքային պայմանները չեն ապահովում երկարաժամկետ կայունություն։ Երիտասարդ մասնագետները, որոնք ներդրել են ժամանակ և ռեսուրսներ որակյալ կրթություն ստանալու համար, հաճախ չեն գտնում իրենց որակավորմանը համապատասխան աշխատանք, ինչը հանգեցնում է հիասթափության, մոտիվացիայի անկման և արտագաղթի մասին մտքերի ուժեղացմանը։

Բիզնես միջավայրի բարելավումը, ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծումը, տեխնոլոգիական և նորարարական ոլորտների զարգացումը, փոքր և միջին բիզնեսի աջակցությունը կարևոր նախապայմաններ են որակյալ աշխատատեղերի ստեղծման համար, ինչն իր հերթին ազդում է ընտանիքների ձևավորման և ժողովրդագրական վիճակի վրա։

Մանկավարժական և առողջապահական համակարգերի որակը նույնպես ունի էական դերակատարություն։ Երբ ծնողները մտահոգված են մանկապարտեզների և դպրոցների հասանելիությամբ, կրթության որակով, առողջապահական ծառայությունների մատչելիությամբ և արժեքով, նրանք երկար են մտածում՝ արդյոք կարո՞ղ են ապահովել իրենց երեխաներին լիարժեք զարգացման պայմաններ։

Մշակութային և հոգեբանական գործոնները նույնպես կարևոր դեր են խաղում ժողովրդագրական վարքագծում։ Հայաստանի հասարակությունը վերջին տասնամյակներին անցել է արագ արժեքային փոփոխություններով, որտեղ ավանդական ընտանեկան մոդելները, որոնք ենթադրում էին վաղ ամուսնություն և բազմազավակ ընտանիքներ, աստիճանաբար տեղի են տալիս ժամանակակից մոտեցումներին, որտեղ անհատական ինքնաիրացումը, կարիերան, անձնական զարգացումը դառնում են առաջնային։ Օրինակ՝ կանանց դերը հասարակությունում էականորեն փոխվել է. նրանք ավելի ակտիվ են մասնակցում աշխատանքային շուկային, ձգտում են ավելի բարձր կրթության և պրոֆեսիոնալ իրացման։ Սա մի կողմից, իհարկե, շատ դրական երևույթ է, սակայն մյուս կողմից ստեղծում է լրացուցիչ մարտահրավեր՝ աշխատանքային պարտականությունների և մայրության համատեղման հարցում։ Երբ հասարակությունը և պետությունը չեն ստեղծում համապատասխան ենթակառուցվածքներ՝ երեխաների խնամքի, ճկուն աշխատանքային ռեժիմների, մանկապարտեզների հասանելիության համար, կանայք ստիպված են ընտրություն անել կարիերայի և մայրության միջև, ինչը հանգեցնում է ծնելիության նվազմանը։

Երկրի ընդհանուր անվտանգային իրավիճակը և ապագայի հանդեպ վստահության բացակայությունը նույնպես էական ազդեցություն ունեն ժողովրդագրական իրավիճակի վրա։ Երբ երիտասարդները հստակ չեն տեսնում երկրի զարգացման հեռանկարները, երբ մտահոգված են անվտանգության խնդիրներով, երբ չեն զգում քաղաքական և տնտեսական կայունություն, նրանց շրջանում ձևավորվում է «զգուշություն»՝ ընտանիք կազմելու, երեխաներ լույս աշխարհ բերելու և իրենց ապագան երկրում կառուցելու հարցում։

Այս համատեքստում արտագաղթի խնդիրը, որը դարձել է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի ամենազգայուն կետերից մեկը, պահանջում է առանձին և խոր վերլուծություն։ Վերջին երեսուն տարվա ընթացքում արտագաղթի պատճառով Հայաստանը կորցրել է իր բնակչության զգալի մասը։ Տարբեր գնահատականներով, հարյուր հազարավոր մարդիկ թողել են երկիրը՝ դրսում փնտրելով ավելի լավ սոցիալական ու տնտեսական պայմաններ, աշխատանքային հնարավորություններ, կրթական հեռանկարներ։ Ընդ որում, արտագաղթողների մեծ մասը հենց երիտասարդներն են՝ քսանից քառասուն տարեկանները, այսինքն՝ հենց այն սերունդը, որը պետք է ապահովի երկրի զարգացումը, աշխատանքային շուկայի ակտիվությունը, ժողովրդագրական վերարտադրությունը։

Գիտակցելով ժողովրդագրական խնդրի բազմաշերտ բնույթը՝ անհրաժեշտ է մշակել համապարփակ և երկարաժամկետ ռազմավարություն, որը կլուծի խնդիրը ոչ թե մեկուսացված միջոցառումների միջոցով, այլ համակարգային մոտեցմամբ։ Իսկ դրա համար տնտեսական զարգացումը պետք է դառնա ժողովրդագրական քաղաքականության հիմքը։ Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի տնտեսություն, որը կապահովի բավարար թվով որակյալ աշխատատեղեր բոլոր մարզերում, որտեղ միջին աշխատավարձը կհամապատասխանի երեխա մեծացնելու իրական ծախսերին։ Սա իրենից ենթադրում է ներդրումների կատարում արտադրական ոլորտներում, տեխնոլոգիական և նորարարական ընկերությունների խթանում, արտահանման ներուժի զարգացում, փոքր և միջին բիզնեսի համար նպաստավոր միջավայրի ապահովում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում