Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
Politics

Թվային ֆինանսական համակարգերի զարգացումը չպետք է նշանակի ավանդական կանխիկից հրաժարում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թվային տնտեսության զարգացումը, անկասկած, բերում է զգալի առավելություններ՝ ապահովելով գործարքների արագություն, արդյունավետություն և ֆինանսական հոսքերի թափանցիկություն, ինչը հատկապես կարևոր է հարկային վարչարարության, կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսական ցուցանիշների ճշգրիտ հաշվառման տեսանկյունից։ Փողի էլեկտրոնային շարժը թույլ է տալիս վերացնել ֆիզիկական կանխիկի տեղափոխման և պահպանման հետ կապված ռիսկերը, նվազեցնում է գործարքների իրականացման ժամանակը և ծախսերը, ինչպես նաև ստեղծում է հնարավորություններ ֆինանսական ծառայությունների ավելի լայն մատչելիության համար։ Այնուամենայնիվ, այս անցումային գործընթացը, հատկապես երբ այն իրականացվում է անբավարար նախապատրաստվածությամբ և առանց համապարփակ վերլուծության, կարող է ստեղծել լուրջ խնդիրներ և ռիսկեր, որոնք վերաբերում են ինչպես անհատական ազատություններին և անվտանգությանը, այնպես էլ ամբողջ տնտեսական համակարգի կայունությանը։

Անկանխիկ վճարումների համակարգի լայնածավալ ներդրումը ստեղծում է տեղեկատվական վերահսկողության նոր մակարդակ, որը կարող է վերածվել լուրջ անհանգստության առարկայի քաղաքացիական ազատությունների և գաղտնիության իրավունքի համատեքստում։ Երբ յուրաքանչյուր ֆինանսական գործարք թողնում է թվային հետք, պետական մարմինները և այլ կառույցներ ձեռք են բերում հսկայական տեղեկատվական ռեսուրս, որը թույլ է տալիս մանրակրկիտ հետևել յուրաքանչյուր քաղաքացու ու կազմակերպության ֆինանսական վարքագծին։

Տվյալների այս ահռելի շտեմարանը պարունակում է տեղեկություններ անձի սպառողական նախասիրությունների, ապրելակերպի, սոցիալական կապերի, առողջական վիճակի և անգամ քաղաքական հայացքների մասին։ Սա ինքնին, անկախ իրավական կարգավորումներից, պոտենցիալ հնարավորություն է ստեղծում տեղեկության չարաշահման, անհամաչափ վերահսկողության և քաղաքացիների դեմ օգտագործման համար՝ սկսած մարքեթինգային ագրեսիվ քարոզչությունից մինչև քաղաքական հալածանքներ և խտրականություն։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ տեղեկատվական մենաշնորհը և համընդհանուր վերահսկողությունը կարող են հանգեցնել ավտորիտարիզմի չափաբաժնի ավելացման, քաղաքացիական ազատությունների սահմանափակման և հասարակական վստահության քայքայման։

Մյուս կողմից էլ՝ չափից ավելի թափանցիկ և վերահսկվող ֆինանսական միջավայրը բացասական մեծ ազդեցություն է թողնում երկրի ներդրումային ձգողականության վրա, ինչը հատկապես կարևոր է Հայաստանի նման փոքր և զարգացող տնտեսության համար։ Ներդրողները՝ լինեն տեղական, թե միջազգային, մեծ կարևորություն են տալիս տնտեսական ազատությանը, ֆինանսական գաղտնիության պահպանմանը և տարբեր գործիքների մատչելիությանն իրենց կապիտալը կառավարելու համար։ Երբ երկիրը չափից դուրս սահմանափակում է վճարային միջոցները և ստեղծում է համապարփակ վերահսկողական մեխանիզմներ, այն բացասական ազդանշան է ուղարկում ներդրողներին՝ վկայելով մասնավոր սեփականության անբավարար պաշտպանվածության, տնտեսական ինքնավարության սահմանափակման և պետության չափից ավելի միջամտության մասին։

Մեկ այլ լուրջ խնդիր է թվային ֆինանսական գրագիտության անբավարարությունը, որն էապես խոչընդոտում է անկանխիկ տնտեսության անվտանգ և արդյունավետ զարգացմանը։

Հայաստանի բնակչության զգալի մասը՝ հատկապես մեծ տարիքի քաղաքացիները, գյուղական բնակավայրերի բնակիչները և ցածր կրթական մակարդակ ունեցող խմբերը, չունեն բավարար գիտելիքներ և հմտություններ՝ անվտանգ կերպով օգտվելու թվային վճարային գործիքներից։ Նրանք հաճախ չեն հասկանում բանկային քարտերի անվտանգության հիմնական սկզբունքները, PIN կոդերը գաղտնի պահելու կարևորությունը, ֆիշինգային հարձակումների բնույթը, զանգերի և հաղորդագրությունների միջոցով իրականացվող խարդախությունների սխեմաները, թվային դրամապանակների պաշտպանության մեթոդները, երկկողմանի նույնականացման անհրաժեշտությունը և անվտանգության այլ կարևոր ասպեկտներ։

Այս իրավիճակն օգտագործում են կիբերհանցագործները, որոնք մշակել են բազմաթիվ հնարամիտ սխեմաներ՝ խարդախաբար տիրանալու քաղաքացիների ֆինանսական միջոցներին։ Պետությունը և ֆինանսական հատվածը թեև որոշակի ջանքեր են գործադրում քաղաքացիների իրազեկման ուղղությամբ, այնուամենայնիվ, այդ աշխատանքները մնում են անբավարար և հատվածական, առանց համակարգված և երկարաժամկետ ուսուցման ծրագրերի, որոնք կապահովեին բնակչության տարբեր շերտերի համար թվային գրագիտության բարձրացումը։

Իսկ տարիքով քաղաքացիների և թոշակառուների համար անկանխիկ տնտեսությանը ադապտացիայի խնդիրը ներկայացնում է ոչ միայն տեխնիկական, այլև հոգեբանական և սոցիալական մարտահրավեր։ Այս սերնդի ներկայացուցիչները իրենց ողջ կյանքն ապրել են ֆիզիկական կանխիկի հետ, որը նրանց համար ոչ միայն վճարային միջոց է, այլև ֆինանսական անվտանգության և վստահելիության խորհրդանիշ։ Նրանք կարողանում են տեսողականորեն և ֆիզիկապես վերահսկել իրենց միջոցները, հաշվարկել դրանք, բաժանել անհրաժեշտ մասերի և պլանավորել իրենց ծախսերը այն ձևով, որը նրանց համար հասկանալի և ծանոթ է։ Թվային վճարային գործիքների անցումը նրանց համար նշանակում է ոչ միայն նոր տեխնոլոգիայի յուրացում, այլև հիմնարար փոփոխություն իրենց ֆինանսական վարքագծում և հոգեբանության ու մտածողության մեջ։ Շատ տարեցներ անհանգստություն և անվստահություն են զգում թվային համակարգերի նկատմամբ, վախենում են սխալ «կոճակ» սեղմելուց, գումար կորցնելուց, խարդախության զոհ դառնալուց կամ պարզապես նրանից, որ չեն կարողանա օգտվել համակարգից վճարումը կատարելու կրիտիկական պահին։ Նրանց թոշակները, որոնք արդեն իսկ նվազագույն են և բավարարում են միայն առաջնահերթ կարիքները, դառնում են ավելի խոցելի, երբ կախված են տեխնոլոգիական համակարգերի անխափան գործունեությունից, ինտերնետային կապից և էլեկտրոնային սարքերի առկայությունից։ Մինչդեռ պետական քաղաքականությունը հաճախ անտեսում է այս խոցելի խմբի հատուկ կարիքները և սահմանափակում է նրանց հնարավորությունները՝ շարունակել օգտվել ավանդական վճարային մեթոդներից։

Մյուս կողմից՝ անկանխիկ վճարային համակարգերի տեխնոլոգիական խոցելիությունը և անվտանգության բարձիկների բացակայությունը ներկայացնում են համակարգային ռիսկեր, որոնք կարող են պարալիզացնել ամբողջ տնտեսությունը։ Հայաստանում Arca վճարային համակարգի հետ պարբերաբար ծագող տեխնիկական խափանումները պատկերավոր ցույց են տալիս, թե որքան խոցելի է դարձել տնտեսությունը մեկ կենտրոնացված թվային ենթակառուցվածքից կախվածության պայմաններում։ Երբ համակարգը դադարում է աշխատել՝ լինի դա տեխնիկական խափանման, սարքավորումների կամ ծրագրային ապահովման խնդիր, կիբերհարձակման, էլեկտրամատակարարման անջատման կամ բնական աղետի հետևանքով, կանգ են առնում ոչ միայն անհատական գործարքները, այլև ողջ ընկերությունների, խանութների, ծառայությունների գործունեությունը։

Ավելին, կիբերանվտանգության սպառնալիքները դառնում են ավելի վտանգավոր կենտրոնացված թվային համակարգերի պայմաններում, քանի որ հաջող հարձակումը մեկ հանգույցի վրա կարող է անմիջապես ազդել միլիոնավոր օգտատերերի վրա։ Դրամաշորթությանը միտված համակարգերի գործարկումը, DDoS հարձակումները, տվյալների բազաների կողոպուտը, ֆինանսական տեղեկությունների գողությունը և այլ կիբերհանցագործությունները դարձել են իրական սպառնալիք։

Նկատի ունենալով այս բազմազան մարտահրավերները՝ կարևոր է ընդգծել, որ թվային ֆինանսական համակարգերի զարգացումը չպետք է նշանակի ավանդական կանխիկի ամբողջական վերացում, այլ հավասարակշռված համակեցություն երկու համակարգերի միջև։ Անհրաժեշտ է պահպանել և նույնիսկ որոշակի իրավիճակներում խրախուսել կանխիկի շրջանառությունը որպես այլընտրանքային, պահեստային և ապահովագրական մեխանիզմ, որը կապահովի տնտեսության կայունությունը ճգնաժամային իրավիճակներում, կպաշտպանի խոցելի քաղաքացիական խմբերի շահերը, կզսպի չափից ավելի վերահսկողության տեմպերը և կպահպանի տնտեսական ընտրության ազատությունը։

Հատկանշական է, որ Միացյալ Նահանգները, որը ներկայացնում է աշխարհի ամենամեծ տնտեսությունը, տեխնոլոգիական առաջընթացի հիմնական շարժիչներից մեկն է և տիրապետում է ամենաարդի ֆինանսատեխնոլոգիական նորամուծություններին, այնուամենայնիվ, շարունակում է պահպանել կանխիկի զգալի դեր տնտեսությունում և չի անցնում ամբողջապես թվային արժույթին։ Սա ցույց է տալիս, որ նույնիսկ լիովին զարգացած և տեխնոլոգիապես առաջադեմ երկրները գիտակցում են կանխիկի պահպանման կարևորությունը տնտեսական անվտանգության, քաղաքացիական ազատությունների, համակարգային ճկունության և սոցիալական ներառականության տեսանկյունից։ Ամերիկյան մոտեցումը ցույց է տալիս, որ ժամանակակից տնտեսությունը կարող է հաջողությամբ համատեղել ինչպես առաջադեմ թվային վճարային լուծումները, այնպես էլ ավանդական կանխիկի օգտագործումը՝ ապահովելով այդպիսով ընտրության ազատություն, համակարգային ճկունություն և բնակչության տարբեր խմբերի կարիքների բավարարում։

Կանխիկի պահպանումը և խրախուսումը որոշակի ոլորտներում և իրավիճակներում ոչ թե հետամնացության նշան է, այլ հասուն տնտեսական մտածողության դրսևորում, որը հաշվի է առնում ռիսկերը, հասարակական բազմազանությունը, անհատական ազատությունները և համակարգային անվտանգությունը՝ ստեղծելով ավելի կայուն, ճկուն և ներառական ֆինանսական էկոհամակարգ՝ միաժամանակ պահպանելով հավասարակշռությունը նորարարության և ավանդույթի, արդյունավետության և անվտանգության, թափանցիկության և գաղտնիության միջև։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում