«Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի գլխավոր փորձն անցկացվել է մայիսի 8-ին:
Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ներկայացել է վառ ու պայծառ բեմադրությամբ։ Բեմադրության հեղինակ, ռեժիսոր Արթուր Մանուկյանի խոսքով՝ բեմում իրական համերգային կատարման տրամադրություն է ստեղծված։
«Մենք փորձել ենք ներկայացնել «Լադանիվա»-ի գունավառ տեսակը։ Բեմադրության մեջ կտեսնեք հայկական վիշապագորգը, որը որոշակիորեն ներկայացվում է նաև պիքսելային տրամադրությամբ, ինչը խորհրդանշում է «Լադանիվա»-ի արվեստում կամրջվող ավանդականն ու ժամանակակիցը։ Երաժիշտները բեմում ներկայանալու են ազատ համերգային ոճով, որը ոչ միայն այս տարվա եվրատեսիլյան բեմի տրամաբանությունն է, այլև հնարավորություն է խմբի անդամների համար աշխատելու հանդիսատեսի հետ և նրանց համար: Բեմադրության մեջ նաև կոլաժային տրամաբանությամբ օգտագործվել են «Ժակո» երգին առնչվող տարրեր, որոնք կապված են Ժակլինի մանկության և «Լադանիվա» խմբի խորհրդանիշների հետ»,-նշում է Մանուկյանը:
Պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն էլ վստահեցնում է՝ անցնող ամիսների երկար աշխատանքը տվել է սպասվող արդյունքը: «Այս ամիսների ընթացքում մեր թիմն ու արտիստներն արել են ամեն բան՝ Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար։ Պրոմո շրջագայությունների, Մալմյոյում փորձերի և լրագրողների հետ հանդիպումների արդյունքում մենք համոզվել ենք, որ «Լադանիվա»-ն և մեր երգը շատ են սիրվել, և այժմ ամեն ինչ կախված է քվեարկությունից։ Հենց այս առումով չափազանց կարևոր է, որ Հայաստանին սատարող բոլոր մարդիկ անպայման քվեարկեն մեր պատվիրակի օգտին»,-շեշտում է նա:
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչին, որը տեղի կունենա մայիսի 9-ին, «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո: Մրցույթը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին: Մրցույթը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով: