Ո՞վ էր Նորայր Թադևոսյանը (Դքի Նորիկ). Բացառիկ լոսանկարներ
1992 թվականի հունիսի 28-ին` առավոտյան ժամը 10-ն անց 30 րոպեին, կրակոցներ հնչեցին Երեւանի կենտրոնում, Հանրապետության հրապարակից քիչ ներքեւ` Սպայի տան մոտակայքում: Կես ժամ անց հայտնի կդառնար, որ մահափորձ է կատարվել: Իսկ մի քանի ժամ անց, երբ զոհն այլեւս չկար, ողջ Երեւանը կիմանար, որ սպանվել է Նորիկ Թադեւոսյանը կամ, ինչպես նա առավել հայտնի էր, Դքի Նորիկը: Ավարտվեց Երեւանի լեգենդներից եւս մեկի երկրային կյանքը` իր ետեւից թողնելով բազմաթիվ գաղտնիքներ, հանելուկներ ու հարցականներ...
Շփոթահար մարդիկ անգամ չնկատեցին, թե ինչպես անհետացան մարդասպանները կամ մարդասպանը: Ծնկահար եղած մարդու թիկունքին (նախ կրակել էին նրա ոտքերին, որի պատճառով Նորիկը ծնկաչոք ընկել էր), ողնաշարի շրջանում եւս մեկ, գնդակ էր արձակվել: Շտապ օգնության մեքենան նրան նախ հասցրեց Շտապ օգնության հիվանդանոց: Նորիկի կինը՝ Վերան զանգահարեց ընտանիքի լավ բարեկամ, «Էրեբունի» հիվանդանոցի վիրաբույժ, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանին: Շտապ օգնության հիվանդանոց զանգահարեց պրոֆեսորը եւ պահանջեց, որ կամ սպասեն իրեն կամ Նորիկին հասցնեն «Էրեբունի»:«Թեկուզ մեռած, ուղարկեք իմ մոտ: Թեկուզ՝ մեռած: Ես նրան կփրկեմ»: Բայց բժիշկներին չհաջողվեց փրկել Նորիկին: Հետո պրոֆեսոր Հովհաննիսյանը կասի, որ Նորիկը կփրկվեր, եթե գնդակը աորտայի մեջ մտած չլիներ:
Թեեւ 1992 թվականին մահերով ու սպանություններով չէիր զարմացնի, այնումենայնիվ Նորիկ Թադեւոսյանի սպանությունը արտակարգ իրադարձություն էր` եւ ոչ միայն Երեւանի ու Հայաստանի համար: Այս մարդուն շատ-շատերն էին ճանաչում, շատ-շատերն էին նրա բարեկամությունը վայելում: Արվեստագետներ, գրողներ, պետական պաշտոնյաներ, հազարավոր մարդիկ, ովքեր որեւէ կոչում ու ճանաչում չունեին, հաճախակի էին հյուրընկալվում Թադեւոսյանների ընտանիքում: Տիկին Վերան` Նորիկի կինը, ով հյուր ընդունելու մեծ արվեստին հիանալի է տիրապետում, այնքան հյուր է ընդունել եւ գերազանց ճանապարհել, որ ցանկացած մարդու համար քույր ու մայր է դարձել, անչափ հարազատ մարդ:
Ու, ահա, մարդիկ պետք է Նորիկ Թադեւոսյանի տուն մտնեն, որպեսզի հրաժեշտ տան նրան: Սենտիմենտալ խոսքերն արժեք չունեն, երբ հարազատ, շատ հարազատ մարդու ես հրաժեշտ տալիս: Ի՞նչ խոսես, ի՞նչ ասես...
...Իսկ առավոտյան օրը կարծես ոչ մի վտանգ չէր կանխագուշակում: Մոսկվայից հյուրեր ունեին Նորիկը եւ զարմիկը` Վրույրը: Որոշել էին Սեւան տանել: Վրույրը կարճ ժամանակով գնացել էր Նուբարաշենի (Սովետաշենի) գերեզմանատուն` ծանոթներից մեկի հարազատի գերեզմանատեղի հարցը լուծելու համար: Ժամը 11-ին պետք է միասին գնային իրենց հյուրերի մոտ եւ մեկնեին Սեւան: Ամեն ինչ նախապատրաստված էր, ամեն ինչի համար նախապես հոգ էր տարվել: Սակայն երբ Վրույրը հասավ պայմանավորված տեղը (կենտրոնական բաղնիքի մոտ)` իմացավ ողբերգության մասին: Հիվանդանոցում նա խնդրում էր փրկել «եղբորը», աղաչում էր: Բայց բժիշկները եթե կարող են շատ ու շատ բան անել, հրաշքներ գործել չեն կարող... Այսպես եղավ նաեւ Նորիկ Թադեւոսյանի պարագայում...
...Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո Երեւանի դեմքը, նույնիսկ բնավորությունը փոխվեց: Եթե մինչեւ պատերազմը քաղաքում ձեւավորվել էին բնիկ երեւանցիները` իրենց նիստուկացով, երեւանցուն հատուկ սովորություններով, երեխաների գզվռտոցով, կանանց բամբասանքներով, տղաների ծեծկռտուքով (որն ընդամենը մեկ օր անց մոռացվում էր եւ ընկերությունը շարունակվում էր), տղամարդկանց հզորությամբ, իրենց տանտեր զգալու հպարտությամբ, ապա պատերազմից հետո շատ բան փոխվեց: Անվերջ, անընդհատ քաղաք էին լցվում գյուղերից եկած մարդիկ, ովքեր իրենց սովորություններն էին բերում: Իսկ 1946-ից սկսած, երբ Մեծ Եղեռնից հետո արտասահմանյան տարբեր երկրներում բնակություն հաստատած հայերի առաջին քարավանները եկան եւ «ընկեր» բառին հավասարազոր սկսեց հաճախակի հոլովվել «ախպար» բառը, Երեւանում շատ գործածական դարձան սուրճը, կոշկակարությունը, մասնավոր առեւտուրը, որը համերաշխորեն գոյատեւում էր սովետական` պետական առեւտրի հետ: Երեւանի շուկաները, երկաթուղային կայարանը, ապա նաեւ գործարանները բազմահազար մարդկանց առան իրենց բերանը: Գրեթե սովահար մարդիկ (հատկապես հանրապետության գյուղերից եկածները) ապրուստի միջոց էին փորձում ստեղծել: Նրանք տեղավորվում էին Կիլիկիայում եւ Նորագյուղում, Արեշում ու Կոնդում, Ղռերում ու Երեւանի այլ թաղամասերում իրենց իսկ կառուցած փայտե կամ քարե կացարաններում, որոնք տուն էին կոչում:
Խելոքները, հնարամիտները սեփական արտադրություններ հիմնեցին, որոնք, ճիշտ է, հակասում էին սովետական արտադրության սկզբունքներին ու էությանը, բայց կարելի էր լեզու գտնել միլիցիայի եւ դատախազության հետ: Դա ձեռնտու էր նաեւ այդ պետությանը, թեեւ ցուցադրական պայքար էր մղվում ոչ պետական արտադրության եւ առեւտրի հետ: Երեւանի խանութներում ու շուկաներում հիանալի կոշիկներ, գորգեր, կարպետներ հայտնվեցին, որոնք կարճ ժամանակ անց մեծ պահանջարկ ունեցան ողջ Միությունուն, արտահանվեցին արտասահմանյան մի քանի երկրներ:
Սակայն Երեւանին համ ու հոտ էին տալիս մարդիկ` սկսած Կարաբալայից, Դալուլեից, միլիցիոներ Անդրեից մինչեւ Ավետիք Իսահակյան, Դերենիկ Դեմիրճյան, Հովհաննես Շիրազ, Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Մարտիրոս Սարյան...
Պատերազմից հետո շատ-շատերի հետ Երեւան` մշտական բնակության եկավ նաեւ Արման Կոթիկյանը` բարձրակարգ կիրթ ու կրթված մարդ: Նա ոչ միայն փնտրվող արտիստ էր, այլեւ ֆրանսերենից հրաշալի թարգմանություններ էր անում: Էդմոն Ռոստանի ՙՍիրանո դը Բերժըրակ՚ հրաշք գործը, Ալֆրեդ Մյուսեի բանաստեղծությունները հայերենով հնչեցնելու համար այսօր պարտական ենք հենց Արման Կոթիկյանին: Նա հայրենիք գալուց հետո մի որոշ ժամանակ ապրում էր «Երեւան» հյուրանոցում, ճաշում հյուրանոցի ռեստորանում, իսկ երբ ազատ ժամեր էր ունենում` սիրում էր նստել հյուրանոցի դիմացի բացօթյա սրճարանում, ուր հաճախ էին լինում արվեստի մարդիկ: Այստեղ գրեթե ամեն օր կարելի էր տեսնել Երվանդ Քոչարին, Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանին, Ազատ Շերենցին, Լեւոն Ներսիսյանին` Հրաչյա Ներսիսյանի որդուն... Երեւանի մեծ մարդկանց տեսնելու ամենահարմար վայրն էր սա:
Քանի որ Արման Կոթիկյանը Երեւան էր եկել Փարիզից, շատ էր հետաքրքրում աշխարհի մի փոքրիկ անկյունում ծվարած Երեւան քաղաքի մարդկանց: «Ընկեր Կոթիկյան, այս ժամին ի՞նչ էիք անում Փարիզում», հարցնում էին:«Առաջին նախաճաշս կընեի»: «Ընկեր Կոթիկյան, այս ժամանակ ինչո՞վ էիք զբաղված», քիչ անց հարցնում էին նրան... Ու այսպես շարունակ: Մարդիկ սիրում էին Արման Կոթիկյանին` այս համով-հոտով մարդուն: Եվ այնքան էին սիրում, որ երբեմն խաղում էին հոգու հետ: Կեսգիշերին գնում, թակում էին հյուրանոցի համարի դուռը, մարդուն քնահարամ անում եւ հարցնում. «Ընկեր Կոթիկյան, Փարիզում այդ ժամին ի՞նչ էիք անում»: Ու կիրթ, խիստ մտավորական Արման Կոթիկյանը մի ընտիր պատասխան էր տալիս...
Համով-հոտով մարդ էր նաեւ Հայաստանի պարի պետական համույթի հիմնադիր եւ ղեկավար Էդվարդ Մանուկյանը: Բա՛ Կիեւյան փողոցի վրա գտնվող քյաբաբանոցի տեր Անուշը...
Պատերազմի տարիներին եւ դրանից հետո մարդիկ սքանչանում էին առողջապահության նախարարի կնոջով, որին անվանում էին «Մադամ Սուլֆիդին»: Նույն դողն էր անցնում տղամարդկանց ու երիտասարդ տղաների մարմնով, երբ փողոցով անցնում էին թեթեւ արդյունաբերության նախարար Նարմիկ Դարբինյանի կինը` Էլզան, Մատենադարանի Եվան, Էլդա Գրինը: Պուշկինի փողոցի եւ Ստալինի պողոտայի (այսօրվա Մաշտոցի պողոտա) անկյունում կարելի էր տեսնել Խալով Ժենյային...
Է, ի՛նչ ժամանակներ էին, ի՛նչ գեղեցիկ ժամանակներ...
Պատերազմից հետո Երեւանում ճանաչված, հեղինակավոր մարդիկ էին նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր ոչ մի արհեստ չունեին: Ավելի ճիշտ` ունեին. նրանք հեղինակություն էին: Քաղաքում շատ լավ էին ճանաչում Վարդգես Ասլանյանին` Ծիպո Վարդգեսին: Դժվար ճանապարհ էր անցել այս մարդը, անազատության մեջ պահվել: Բանտ ասվածը, հատկապես սովետական բանտն ու գաղութը միշտ էլ սարսափելի հետեւանքներ է ունենում: Մարդն այդ կալանավայրից դուրս էր գալիս չարացած, պատրաստ հոշոտելու ծանոթներին ու հարազատներին, օտարին եւ յուրայինին: Եվ միայն բացառիկ մարդիկ էին կարողանում մարդ մնալ: Այդպիսի մարդկանցից էր Վարդգես Ասլանյանը, ով իսկապես Երեւան քաղաքի հեղինակություններից մեկն էր…
1950-60-ական թվականներին Երեւանում շատ հայտնի էր Բարսեղը` Մգլոն…հեղինակությունների շարքում եւս մի քանի անուն կարելի է թվարկել, սակայն, անշուշտ, Նորիկ Թադեւոսյանը` Դքի Նորիկն իր տեղն ունի, իր անփոխարինելի տեղը:
Չգիտես ինչու, Նորիկի անունը շատ ավելի հաճախ կապում են կրիմինալ աշխարհի հետ, նրան նույնիսկ ներկայացնում են իբրեւ ՙօրենքով գող՚: Սակայն դա բնավ այդպես չէ: Նա, իհարկե,«օրենքով գող» չի եղել:«Երեւանի կամ Հայաստանի հեղինակություն» հասկացությունը բոլորովին ուրիշ իմաստ ունի, քան «քրեական հեղինակությունն» է: Ճիշտ է, «քրեական հեղինակությունը» շատ ու շատ մարդկանց վրա կարող է ունենալ ազդեցություն, բայց` ոչ բոլորի: Իսկ իրական հեղինակության խոսքը հարգում են բոլորը, այդ թվում նաեւ՝ քրեական աշխարհի մարդիկ: Նրանք յուրօրինակ տանտիրոջ, տան մեծի, տան հոր դեր են կատարում: Դա պայմանավորված է հայի, հայ ընտանիքի բնույթով:
Մեր պայծառ հիշատակ Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը, որի հետ մոտ եմ եղել գրեթե հինգ տարի եւ շատ ու շատ մարդկանց, բազմաթիվ բաների մասին ենք խոսել, հաճույքով էր պատմում այն մասին, որ ծանոթ, բարեկամ է եղել Նորիկ Թադեւոսյանին:
- Դու, իհարկե, հասկանում ես,- ասում էր այս մեծ մարդը,- թե ինչ է նշանակում ուժեղ տղամարդը, հզոր մարդը հայի համար: Ահա այդպիսի մարդ էր Նորիկը: Չարությունը բռնել է ողջ աշխարհը: Բարությունը պետք է փրկել: Իսկ բարությունը փրկելու համար պետք է ուժեղ լինել, հզոր: Նորիկի նման հզոր:
- Մուշեղիչ, բայց չարի դեմ պայքարելով ինքներս էլ կարող ենք չարանալ,- ասում եմ:
- Չէ, պետք չէ չարության դեմ պայքարել, այլ պետք է պայքարել բարու համար: Ահա, տես, Երեւանում եղել-ապրել է Թադեւոսյան Նորիկը` Դքի Նորիկը: Մի հազար անգամ նստել ենք իրար հետ սեղան, մի հազար անգամ իր տանն եմ եղել եւ զգացել եմ, որ այս մարդը, այսպիսի մարդը հենց բարության, լուսավորի համար է պայքարում: Կեղծ բան չկա այս մարդու մեջ, չարություն չկա, հասկանո՞ւմ ես…
Մհեր Մկրտչյանը մի պատմություն արեց 1994-ին, որը հետո հաստատեցին Նորիկի հարազատները…
… 1971-ին ծնվել էր Նորիկ Թադեւոսյանի որդին` Ռոմիկը, որին, պարզ է, որոշ ժամանակ անց պետք է կնքեին: Նորիկը կազմակերպել էր որդու` Ռոմիկի կնունքի արարողությունը, որից հետո, ըստ հայկական սովորության, մարդիկ խնջույքի սեղան են նստում: Մհեր Մկրտչյանին, որին Նորիկը շատ էր սիրում, Թադեւոսյանը նույնպես հրավիրել էր: Մեր զարմանալի Մհերն էլ այդ օրը նվեր առնելու հնարավորություն չի ունենում: Չգնալ չէր կարող, առանց նվերի գնալն էլ մի բան չէր այնպիսի արժանապատիվ մարդկանց համար, որպիսին ինքն ու Նորիկն էին: Մտամոլոր մտել էր Կրիվոյ փողոց, երբ տեսավ, որ Նորիկի հարեւանը պարիսպը քանդել, նորն է շարում: Փայտե դուռն էլ հանել, մի կողմ էր դրել: Է՛, սրանից էլ լավ նվե՞ր: Դուռը դրեց թեւի տակ ու ներս մտավ… Տարիներ, տասնամյակներ կանցնեն, եւ այս յուրօրինակ նվերը միշտ հիշելու են Նորիկ Թադեւոսյանի հարազատներն ու մտերիմները…
- Թատրոնի հրաշալի ժամանակներն անցան,- տխրությամբ ասաց Վլադիմիր Աբաջյանը:
Ես հասկանում եմ Վլադիմիր Աբաջյանին, այն մարդուն, ով իր ողջ կյանքը նվիրել է թատրոնին, բեմին, ով այստեղ` թատրոնում իր ամենամեծ ուրախություններն է ապրել եւ մեծ հիասթափությունները, ուր մտել է` ինչպես իր տունն է մարդը մտնում, ուր տան մեծավորն ու փոքրավորն է եղել, թատրոնի տերն ու ծառան: Ես հասկանում եմ իմ հրաշալի բարեկամին, որովհետեւ լավ եմ հիշում այն ժամանակները, երբ թատրոնի հարեւանությամբ փոքրիկ խարույկ էինք վառում գիշերով, մնում թատրոնի պատերի տակ, որպեսզի վաղ առավոտյան, ծեգը-ծեգին իծաշարուկ կանգնեինք տոմսարկղերի մոտ՝ նախնական վաճառքից մնացած մի քանի տոմսերին տեր կանգնելու համար:
- Ի՛նչ մարդիկ էին գալիս թատրոն, ինչպե՛ս էին գալիս: Ամեն մի ներկայացում տոն էր եւ մեզ, եւ հանդիսատեսի համար: Դահլիճում այնպիսի մարդիկ էին նստած լինում, որ նրանցից ամեն մեկը մեր ազգի, մեր ժողովրդի փառքը կարող էր համարվել:
- Բարեկամս,- ասում եմ,- հիմա գրում եմ Նորիկ Թադեւոսյանի մասին: Լսել եմ, որ նա էլ էր հաճախ թատրոն գալիս:
- Բա ինչպե՞ս,- հիացած ասում է արտիստը:- Նորիկը մեր լավ բարեկամն էր:
Արվեստի, հատկապես թատրոնի հետ Նորիկի բարեկամությունն ստեղծվել էր նրա եղբոր` Էդիկի շնորհիվ: Առաջինը նա էր ծանոթացել արտիստների, ռեժիսորների հետ, ապա եւ ծանոթացրել էր Նորիկին:
Թատրոնի հարակից այգում եւ նրան հարեւան Անգլիական այգում «Կոմայգում» ցերեկները մարդաշատ էր լինում: Դեռեւս պատերազմից հետո պատերազմից հազիվ շունչ քաշող մարդկանց համար Երեւանի կենտրոնում գտնվող այս տարածքը հրաշալի մի վայր էր: Կոմայգում կարուսել կար, էստրադայի բեմ, որի վրա հաճախակի ելույթ էին ունենում ետպատերազմյան տարիների յուրօրինակ մարդկանցից` Կոլյա Նավթալյանը եւ Սերգեյ Համբարձումյանը: Բուլվարի տեղում մինչեւ 1945-46 թվականները Երեւանի գազանանոցն էր, որ հետո տեղափոխեցին Պլանի գլխից վերեւ, Ավան եւ Նոր Նորք տանող ճանապարհին: Բայց 1946 թվականի մայիսի 25-ի ջրհեղեղից հետո, երբ ափերից դուրս եկած Գետառը ողողել էր մերձակա տարածքները, գազանների մի մասին տեղափոխեցին Կոմայգի: Եվ ահա այդ տարիներին Նորիկը իր ընկերների հետ գրեթե ամեն օր լինում էր այստեղ: Ետպատերազմյան տարիներին, նաեւ 50-60-ականներին այստեղ ամեն օր կարելի էր հանդիպել Հրաչյա Ներսիսյանին, ով մինչեւ թատրոն մտնելը, կարճ ժամանակով, մտնում էր «Աղասու բուդկեն», որովհետեւ Աղասին անխառն գինի ու օղի էր վաճառում: Եվ Աղասու տվածով փառավորված, «Լավ է, լավ է աս մանչը» ասելով մեծն Հրաչյան, չգիտես ինչու, ահագին Աղասուն մանչ էր ասում, որովհետեւ իր սիրած մարդկանց այդպես էր դիմում, մտնում էր թատրոն: Բիլիարդ խաղալուց հոգնած Նորիկն ու իր ընկերները ուշադիր հետեւում էին, թե ինչպես են թատրոն գալիս Դավիթ Մալյանը, Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը, Շահում Ղազարյանը, Վլադիմիր Աբաջյանը, ինչպես էր մանրաքայլ, բայց հապշտապ գալիս Վարդան Աճեմյանը, ինչպես էին հիացնելով անցնում Արուս Ասրյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Մետաքսյա Սիմոնյանը…
Դեռ կմեծանար Նորիկը, տարիք կառներ եւ նրանցից մի քանիսի հետ հրաշալի բարեկամություն կստեղծեր: Նրանց հյուր կգնար, բայց ավելի շատ իր տուն կկանչեր նրանց: Նորիկը նախապես ամեն ինչ կբերեր` ամենաընտիրը, ամենաթարմը, եւ Նորիկի կինը` Վերան իր անվերջ եփել, սեղան սարքելը կսկսեր նախ Կրիվոյ փողոցի 75 տանը, ապա, հետո, նոր տանը` «Արմենիա» հյուրանոցի հարեւանությամբ:
«Համով էր քո հացը, տիկին Վերա», -ասում էին արտիստները, գրողները, երաժիշտները: Ու տիկին Վերան հիացած կնայեր ամուսնուն, ով այդ ճոխ սեղանների (սեղանի մոտ նստած մարդիկ առավել ճոխություն էին հաղորդում օրվան) նախաձեռնողն էր:
- Այդպիսի աղ ու հաց շատ քիչ տներում եմ վայելել,- տարիներ անց կվերհիշի Վլադիմիր Աբաջյանը:- Ամեն ինչում խորհուրդ կար ու սեր: Այդ մարդը հիանալ գիտեր:
Իսկ դու լավ գիտես, բարեկամս, թե արվեստի մարդու համար որքան կարեւոր է, երբ հիանում են իրենով:
Թադեւոսյանը այնպես էր տարվում իր հյուրերով, որ երբեմն շատ բաների վրա ուշադրություն չէր դարձնում: Վլադիմիր Աբաջյանը հիշում է, որ մի անգամ, երբ նստած էին Նորիկի տանը, նրան հայտնում են, որ մեքենան գողացել, տարել են: Հյուրերն անհանգստանում են: Ինքը` Նորիկը հանգիստ է տանում այս լուրը: «Ոչինչ,- ասում է նա,-ոչինչ: Ջահել տղերք տարած կլինեն: Թող մի քիչ պտտվեն քաղաքում, մեքենան ետ կբերեն»: «Հետո գլուխ են գովելու, որ Դքի Նորիկի մեքենան են գողացել մի անգամ»,-կատակի են տալիս հյուրեը: Այդպես էլ կար:
Թադեւոսյանը շատ էր մոտ նաեւ Խորեն Աբրահամյանին, նրա զարմիկներին` հորեղբոր որդիներին` Էդիկ ու Կառլոս Սարգսյաններին, ովքեր հայտնի մարդիկ էին Երեւանում: Կառլոսը երկրաբան էր, իսկ Էդիկն աշխատում էր միլիցիայի քաղաքային վարչությունում: Եվ Նորիկը սիրով համաձայնեց դառնալ Էդիկի երեխայի կնքահայրը…
…Բոլորն են հիշում 1988 թվականի մեր ազգային զարթոնքի օրերը, երբ բոլորս միասին էինք, երբ մեր միջեւ միայն սեր էր ու եղբայրություն: Եվ շատերն են հիշում, որ ցույցերի օրերին մեզ ոչ միայն սնունդ էին հասցնում, այլեւ հայտարարվեց, որ ոչ մի գողություն, ոչ մի թալան չի գրանցվել: Հայրենի ոստիկանությունը, որ այն ժամանակ դեռ սովետական միլիցիա էր կոչվում, 1988-ին, գրեթե մեկ տարի հանգիստ կարող էր լինել: Այս նախաձեռնության, այս «հրահանգի» հեղինակ շատերը համարում էին եւ մինչեւ օրս էլ համարում են Նորիկ Թադեւոսյանին` Դքի Նորիկին, ով մեծ հեղինակություն ուներ նաեւ կրիմինալ աշխարհում:
… 1992 թվականի հունիսի 28-ից հետո երկար ժամանակ է անցել, այնքան ժամանակ, որը թույլ է տալիս ինչ-որ չափով հանրագումարի բերել այս անչափ հետաքրքիր մարդու կենսագրությունը: Նորիկ Թադեւոսյան` Դքի Նորիկ. ո՞վ էր նա իրականում, ի՞նչ էր անում, ինչո՞վ էր առանձնանում հարյուր հազարավոր այն մարդկանցից, ովքեր ապրեցին նրա հետ նույն ժամանակում: Փորձենք մեր ձեռքի տակ եղած տեղեկությունների, բազմաթիվ մարդկանց հետ մեր զրույցների օգնությամբ որոշակի հետեւություններ անել` առանց որեւէ բան գունազարդելու եւ որեւէ մեկին առանց ցավ պատճառելու: Գրենք մեր գիրը առանց չարության եւ առանց սնապարծության, որպեսզի պատմության համար պահենք նաեւ մեկ հետաքրքիր մարդու` Նորիկ Թադեւոսյանին, մարդ, որին ժամանակակիցները շատ ավելի հաճախ կոչում էին ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆԻ…
Նորիկ Թադեւոսյանը (Դքի Նորիկ՝ նստած) անվանի դերասան Խորեն Աբրահամյանի հետ
Նորիկ Թադեւոսյան` Դքի Նորիկ
Սերգեյ Գալոյան