5 հնարք համակարգիչն անվտանգ մաքրելու համար
Փոշին տեխնիկայի համար բավական վտանգավոր է։ Այն ներթափանցում է ամենափոքր անցքերն ու խոչընդոտում տեխնիկայի աշխատանքը։
Adme-ն գրում է, որ համակարգիչները պետք է կանոնավոր մաքրել։ Առաջին հերթին պետք է ազատվել փոշուց։ Դրա համար կարող եք օգտվել այս խորհուրդներից, որոնց օգնությամբ կկարողանաք հեշտությամբ ու անվտանգ մաքրել համակարգիչը։
1. Համակարգչի էկրանը մաքրելու համար օգտագործեք միկրոֆիբրայից կտորներ։ Դրանք ավելի լավ են հավաքում փոշին, իսկ սովորական անձեռոցիկները ոչ միայն չեն մաքրում, այլև ավելորդ մասնիկներ են թողնում էկրանին։
2. Էկրանը մաքրելու համար սպիրտ մի օգտագործեք։ Սպիրտը կամ սպիրտ պարունակող այլ լուծույթները վնասում են էկրանը։ Սպիրտը կարող է վնասել էկրանի պաշտպանիչ շերտը, այդ պատճառով էլ նախապատվությունը տվեք սպիտակ քացախին։ Այն հիանալի մաքրում է ցանկացած տեսակի տեխնիկան։
3. Խազերը վերացնելու համար ատամի մածուկ օգտագործեք։ Միկրոֆիբրայի օգնությամբ այն տարածեք խազերին ու նրբորեն տրորեք։ Արդյունքում խազերը կվերանան։ Օգտագործեք միայն այն մածուկները, որոնք խոշոր մասնիկներ չեն պարունակում։
4. Դժվար հասանելի տեղերից փոշին մաքրելու համար բժշկական տանձիկ օգտագործեք։ Նախապատվությունը տվեք փոքրիկ տարբերակներին, որոնք հեշտությամբ կարող են թափանցել դժվար հասանելի վայրերն ու օդ փչել։
5. Ստեղնաշարի արանքների փոշին մաքրելու համար միկրոֆիբրայի կտորը թրջեք քացախի մեջ ու հանեք ավելորդ հեղուկը։ Կտորը փաթաթեք դանակի կամ քանոնի վրա ու մաքրեք ստեղնաշարը։