Ինչպես տանը համեղ խորոված պատրաստել
Խորովածի սեզոնը, կարելի է ասել, սկսվել է։ Եթե չի ստացվում բնության գրկում այն պատրաստել, ապա հիշեք, որ համեղ խորոված կարելի է նաեւ տանը պատրաստել՝ ջեռոցում։
Խորոված պատրաստելու համար ցանկացած միս հարմար է, բայց լավ կլինի ջեռոցում հավի միս պատրաստել։ 4-5 հավի բդիկ գնեք, յուրաքանչյուրը երկու մասի բաժանեք եւ դրեք խորը տարայի մեջ։ Սեւ պղպեղը մանրացրեք ու վրան լցրեք։
Միջին չափի սոխն օղակներով կտրատեք եւ լցրեք մսի վրա։ Այս փուլում աղ մի լցրեք։ Մսի ու սոխի վրա սպիտակ գինի լցրեք։ Նվազագույնը մեկ ժամ թողեք։
Դրանից հետո աղ ավելացրեք եւ գինու մարինադի մեջ խառնեք միսը։ Թողեք եւս 10 րոպե, այնուհետեւ հանեք միսը, դրեք ոչ խորը թավայի մեջ, վրան լցրեք սոխը։ Միսը դրեք ջեռոցի մեջ եւ յուրաքանչյուր 10 րոպեն մեկ մսի վրա քսեք հալված յուղը։
Տնային խորովածը տաք է մատուցվում։ Գինու մարինադը կարելի է փոխարինել կաթի կամ կեֆիրի շիճուկով։