Եթե մինչ այժմ ասում էինք, որ տնտեսական հեղափոխությունը պոպուլիստական հայտարարություն է, ապա վախենամ, որ հիմա կարող է լինել հեղափոխություն, բայց ճիշտ հակառակ ուղղությամբ և վատ իմաստով․ տնտեսագետ
Եթե որևէ երկիր ունի տնտեսական դժվարություններ և պետական բյուջեի եկամուտների նվազեցում, մյուս կողմից էլ` ծախսի ավելացում, բնականաբար, դիմում է կա՛մ ներքին, կա՛մ արտաքին պարտքի ավելացմանը։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն՝ անդրադառնալով ՀՀ արտաքին պարտքի ավելացմանը, որը մոտ է 8 մլրդ դոլարին։
«Այս պարագայում հասկանալի չէ, երբ ունենք պետական բյուջեի որոշ եկամուտներ, որոնք որ դրված են Կենտրոնական բանկում՝ որպես ավանդ։ Իշխանափոխությունից հետո 1,3 մլրդ դրամով աճել է ՀՀ պետական պարտքը: Այն 1.5 անգամ ավելի արագ է աճել, քան այդ ժամանակահատվածում մեր համախառն ներքին արդյունքը։ Միայն 618 մլն-ն այս տարվա 7 ամսվա ընթացքում է ավելացել։ Եթե նույնիսկ այս 618 մլն դրամի աճը դիտարկենք, որ համավարակով է պայմանավորված, և դեռ շարունակելու է աճել, ապա հասկանալի չէ մյուս կեսի ավելացումը և թե ինչու են դիմել արտաքին պարտքի ավելացմանն այն պարագայում, երբ 2018-2019 թվականի պետական բյուջեի եկամուտները բավականաչափ աճել էին»,- ասաց տնտեսագետը։
Նրա խոսքով՝ իրականում օրվա իշխանությունը 2018-2019 թվականին ասում էր, որ պետական բյուջեի եկամուտների ավելացման աննախադեպ ապահովում ենք ունեցել, իսկ 2019 թվականի տարվա վերջին նորից դիմեցին արտաքին պարտքի ավելացմանը և նորից վարկային համաձայնագիր ստորագրվեց։
«Ստացվում է, մի կողմից պարտք ենք վերցնում, մյուս կողմից փաստացի եղած պետական միջոցները ավանդադրվում են։ Սա հասկանալի չէ և նաև պարզ չէ, թե ինչու այդպես էլ չկարողացանք ապահովել կայուն զարգացման ուղղությամբ ծրագրերի կատարողականը, և 2019 թվականին կապիտալ ներդրումների կեսը չիրականացվեց»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։
Նա ասաց նաև, որ այս ամբողջի ֆոնին, վրա հասավ համավարակը իսկ համավարակի դեմ պայքարն ակնհայտորեն ձախողվեց։ Նրա խոսքով այս պարագայում սրվեց նաև միջոցների անհրաժեշտությունը օտարերկրա աղբյուրներից։
«Արտաքին պարտքը մոտեցել է մեր ՀՆԱ-ի 60 տոկոսին և համոզված եմ, որ այդ շեմը կանցնենք այս տարի, իսկ դա արդեն մտահոգիչ է, քանի որ նույն միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունները, մասնավորապես արժույթի միջազգային հիմնադրամը 60 տոկոսը դիտարկում է շեմային ցուցիչ և երբ ՀՆԱ-ի 60 տոկոսը երկրներն անցնում են, այստեղ արդեն որոշակի ընդգծված ռիսկերի ավելացում է դիտարկվում և դա էլ իր հերթին բնականաբար ավելի կդժվարեցնի հետագայում արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավումը, առնվազն գոնե պայմանների առումով, այսինքն տոկոսադրույքներ և այլն»,- ասաց տնտեսագետը։
Նրա խոսքով, ակնհայտ է, որ երբ ռիսկայնությունը երկրի պարտքի սպասարկման մեծանում է, բնականաբար նաև ռեսուրսների ներգրավումը դրան համարժեք կամ համաչափ բարդանում է։ Տնտեսագետի կարծիքով, այս պարագայում ստիպված ենք լինելու ավելի թանկ միջոցներ ներգրավել։
«Որքան մեր արտաքին պարտքի բեռը մեծանա և դրան զուգահեռ արձանագվեն մակրոտնտեսական բացասական ցուցանիշները, իսկ մենք ունենք մոտ 5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում, մոտ 6,5 տոկոս մեր արտահանումն է այս 7 ամսվա կրճատվել և նաև ունենք պետական բյուջեի եկամուտների նվազում։ Այս ֆոնին արտաքին պարքտը կայուն կերպով աճում է և էլի աճի կանխատեսում կա»,- ասաց տնտեսագետը։
Նրա խոսքով՝ օր առաջ պետք է բանակցություններ սկսել դոնոր կազմակերպությունների հետ, որոնցից որ վերցրել ենք պարքտ։ Տնտեսագետի խոսքով՝ շատ կարևոր է նաև, թե այն գումարները, որոնք որ մենք որպես պարտավորություն վերցնում ենք օտարերկրյա աղբյուրներից, ինչ ծրագրային հենք ունեն։
«Դա շատ կարևոր է, քանի որ, իրականում, մենք ձեռքը մեկնում ենք մեր ապագա հնարավորություններին։ Այնտեղից մեր ապագա կայուն զարգացման հնարավորությունը վերցնում ծախսում ենք՝ ստեղծված ապաշնորհ կառավարման հետևանքով ստեղծված իրավիճակը կայունացնելու համար, այլ ոչ թե զարգացման։ Արտաքին պարտքը վտանգավոր չի, եթե դու վերցնում ու զարգացման ծրագրեր ես անում։ Բայց եթե դու վերցնում ես պարտքային բեռը ավելացնում ես, որ վաղը պիտի մարենք բոլորս մեր հարկերով և մեր աշխատանքի մի մասը դրան ուղելով, և այսօր ընդամենը ապաշնորհ կառավարման քո հետևանքներն ես ուզում մեղմացնել, սա արդեն ընդունելի չէ և արդեն բնականաբար որևէ կերպ կապ չունի կայուն զարգացման այն տեսլականի և պոպուլսիտական այն հայտարարության հետ, որոնք որ օրվա իշխանությունները բերել էին նաև իրենց նախընտրական ծրագրերում»,- ասաց տնտեսագետը։
Ինչ վերաբերում է տնտեսական հեղափոխությանը, տնտեսագետն ասաց, որ եթե մինչև այս ասում էինք, որ դա պոպուլիստական հայտարարություն է, ապա հիմա կարող է լինել հեղափոխություն՝ բայց ճիշտ հակառակ ուղղությամբ և վատ իմաստով։
«Այսինքն մենք ունենանք այնպիսի իրավիճակ, որը եղավ 80-ականների սկզբերին են։ Եթե սա է տնտեսական հեղափոխությունը ապա դա շատ վտանգավոր է և միշտ չի, որ հեղափոխությունները, մանավանդ տնտեսականը, ունենում են կայուն զարգացմանը միտված հենքի ստեղծում, այլ ընդհակառակը քանդում են եղածը և հետ են շպրտում տնտեսության պոտենցիալը»,- ասաց տնտեսագետը։