Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ հետ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ:
Քննարկվել են բուժական և հակահամաճարակային միջոցառումներին առնչվող հարցեր: Առողջապահության ոլորտի պատասխանատուները ներկայացրել են Հայաստանում և Վրաստանում ստեղծված համաճարակային իրավիճակը, մտքեր փոխանակել առաջացած մարտահրավերին հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակում ձեռնարկվող միջոցառումների մասին, ինչպես նաև քննարկել փոխօգնության հնարավորությունները:
Կարևորելով երկկողմ քննարկումները՝ գործընկերները պայմանավորվել են ստեղծել փորձի փոխանակման մշտական հարթակ: Այդ առնչությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջին նմանատիպ քննարկումն իրականացնել տեսակապի ձևաչափով` երկու երկրի առողջապահության նախարարների մասնակցությամբ:
ՀՀ առողջապահության նախարարը բարձր է գնահատել Հայաստանի ու Վրաստանի ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված սերտ համագործակցությունը, որն արտահայտվում է նախևառաջ մարտահրավերները, այդ թվում՝ համավարակը փոխօգնության ոգով իրականացնելու հարցում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հակահամաճարակային միջոցառումների թեմայով ռազմավարական հարցերի երկկողմ քննարկումներ կազմակերպելու շուրջ, հատկապես` աշնանը համավարակի հնարավոր տարածմանը պատրաստ լինելու համար։
Առավել մանրամասն`Այստեղ