Ինչպես տարբերել որակյալ ձուն անորակից
Ձու գնելիս առաջին հերթին ուշադրություն դարձրեք մակնշմանը: Հավի ձվի մակնշումը պետք է պարունակի տեղեկատվություն ձվի չափի, արտադրման ժամկետի և արտադրող կազմակերպության մասին:
Ուշադրություն դարձրեք հավկիթի մակերևույթին: Ձուն պետք է լինի հարթ, առանց ճաքերի: Եթե հաստ կեղևով ձուն արտահայտված ցան ունի մակերևույթին, ապա դա խոսում է ձվի՝ ոչ թարմ լինելու մասին: Ձուն պետք է կոտրված կամ ճաքած տեղ չունենա, այլապես կեղևի ճաքերից և կոտրվածքներից կարող են մանրէներ ներթափանցել ներս:
Ուշադրություն դարձրեք հավկիթի գույնին: Հավի ձվի՝ շագանակագույն կամ ճերմակ լինելը դրա որակական հատկանիշների հետ կապ չունի, այլ խոսում է միայն ածող հավի ցեղատեսակի մասին: Սակայն ճերմակ ձուն պետք է լինի լրիվ ճերմակ, այլ ոչ թե դեղնավուն, կաթնագույն, մոխրագույն կամ այլ երանգով:
Թարմ ձուն պետք է լինի ծանր: Հավի թարմ ձուն ամբողջությամբ ընկղմվում է ջրով լի սրվակի մեջ և հասնում է հատակին: Երբ ձուն թափահարեք ականջի մոտ, պետք է զգացվի շատ թույլ շարժում. շարժման ձայն չպետք է լսվի: