Մթերքներ, որոնք չի կարելի պահել սառնարանում
Ժամանակակից կյանքում սառնարանի դերն անփոխարինելի է: Այն օգնում է ավելի երկար ու թարմ պահել մթերքները, ազատում է ամեն օր նորերը գնելու հոգսից: Սակայն կան նաև մթերքներ, որոնք սառնարանում հայտնվելուց շատ չանցած փչանում են, և դրանք ոչ մի կերպ չի կարելի պահել այնտեղ:
Տնային տնտեսուհիներին խորհուրդ է տրվում խուսափել սառնարան դնելուց հատկապես կարտոֆիլը, լոլիկը, հացը, սոխն ու սխտորը, տրոպիկական մրգերը, կոնֆետն ու շոկոլադը, ինչպես նաև ձիթապտղի յուղը և այլն:
Կարտոֆիլն, օրինակ, ցածր ջերմաստիճանի պայմաններում ենթարկվում է համային ու գունային փոփոխությունների՝ ի հաշիվ օսլայի բաղադրության փոփոխության: Խորհուրդ է տրվում այս մթերքը պահել համեմատաբար սառը, չոր պայմաններում: Նույնը կիրառելի է նաև սոխի ու սխտորի պարագայում: 5oC-ից բարձր ջերմաստիճան է պահանջում նաև լոլիկը:
Տարածված սխալ է նաև հացը սառնարանում պահելը: Բանն այն է, որ սառնարանային ջերմաստիճանը, հակառակը, նպաստում է հացի շուտ փչանալուն: Փոխարենը բորբոսնելու գործընթացը կանխելու լավագույն միջոցը սառցախցիկում պահելն է:
Խիստ արգելվում է սառնարանում պահել նաև ցիտրուսային մրգերը: Ցածր ջերմային պայմաններում այս մրգերը ոչ միայն շուտ փչանում, այլև վնասակար նյութեր են արտադրում, որ կարող է վտանգել առողջությունը: Ցիտրուսների համար լավագույնը սենյակային ջերմաստիճանն է: