«Չեմ կարող, Էդիկ, օրերս են». իրական դեպք երթուղայինում. ծիծաղում էին բոլորը
Վերջերս աշխատանքից հետո պայամանավորվել էի հանդիպել ընկերոջս՝ Էդիկի հետ, նրանց տանը։ Գործից հետո նստեցի երթուղային տաքսի՝ գնալու համար։ Դիմացս համակրելի աղջիկ էր նստած, ում հեռախոսին զանգ եկավ, ու տեղի ունեցավ հետևյալ խոսակցությունը.
- Հա, Էդիկ, բարև։ Չէ, գիտես, որ էսօր չեմ կարող, վերջերս էի եկել քեզ մոտ, գիտես, չէ՞, որ մոտս անսովոր օրեր են։
Բոլորի համար պարզ է դառնում, թե ինչ էր ուզում Էդիկը։ Հետո խոսակցության ընթացքում աղջիկն արտաբերեց միայն արտահայտություններ, որոնց իմաստն էր՝ «չէ» ու «չեմ գա»՝ գնալով ավելի ու ավելի նյարդայնանալով ու վերջապես բարկացած անջատեց հեռախոսը՝ քթի տակ ասելով․ «Քեզ ինձնից միայն դա է պետք»։
Մռայլ երթուղայինը մի քիչ ուրախացավ, աղջիկը պտտվեց պատուհանի կողմը։ Անցավ մեկ րոպեից էլ քիչ ժամանակ, ու զանգ եկավ իմ հեռախոսին։ Էդիկն էր, արդեն իմ ընկեր Էդիկը։ Ես վերցնում եմ ու առանց հետին մտքի պատասխանում,
- Բարև Էդիկ։ Հա, իհարկե կարող եմ, արդեն գալիս եմ, ճանապարհին կգնեմ։
Եվ միայն դիմացս նստած աղջկա շշմած դեմքից հասկացա, թե որքան զվարճալի իրադրություն է ստեղծվել։
Աղբյուրը՝ «Այ քեզ բան» բլոգ: