Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորով
Հունիսի 25-ին Հանրապետության նախագահը ստորագրել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում, ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների փաթեթը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ–ից։
Նոր կարգավորումներով ներդրվել է վարորդական իրավունքից զրկված անձանց վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային և վերահսկելի մեխանիզմ։
Նոր ընթացակարգով նախատեսվում է՝
– վարելու իրավունքից զրկելու մասին ոստիկանության՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված վարելու իրավունքը՝ զրկման ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացում դիմելու և օրենքով սահմանված պետական տուրքը՝ հիսուն հազար դրամ վճարելու դեպքում, անձը կարող է վերականգնել վարելու իրավունքը առանց որակավորման քննություններ հանձնելու,
– 1 տարի ժամկետով փորձաշրջան սահմանվելու դեպքում 13 միավորի փոխարեն հատկացնել 6 միավոր,
– փորձաշրջանում գտնվող անձի կողմից 6 տուգանային միավորը սպառելու դեպքում նա կզրկվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով։
Փաթեթով նախատեսվում է նաև անցումային դրույթ․ 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարորդական իրավունքից զրկված անձինք միայն մեկ անգամ հնարավորություն կունենան վերականգնելու իրենց վարելու իրավունքը՝ առանց որակավորման քննություններ հանձնելու։ Հաջորդիվ զրկումների դեպքում վարելու իրավունքի վերականգնումը կիրականացվի որակավորման քննություններ հանձնելուց հետո։