Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել միայն մի ճանապարհով․ Լավրով

Ուկրաինայում զինված հակամարտությունը դադարեցնելու միակ իրական ճանապարհը դրա հիմնական պատճառների ամբողջական և անդառնալի վերացումն է։
Այս մասին նախօրեին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Դիվանագետի օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։
«Ուկրաինական ճգնաժամը խորը արմատական պատճառներ ունի։ Մենք երբեք չենք հոգնում դրանց մասին խոսելուց, մենք համառորեն պահանջում ենք դրանք վերացնել և կձգտենք հասնել արդյունքների»,- նախարարի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագիտական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ թվարկել է այս պատճառները, որոնցից գլխավորը ՆԱՏՕ-ի՝ դեպի Արևելք ընդլայնման միջոցով Ռուսաստանի անվտանգության սպառնալիքների ստեղծումն է։
Մյուս պատճառն, ըստ ՌԴ ԱԳ նախարարի, Զելենսկու «հանցավոր ընթացքն» է՝ ոչնչացնելու ռուսերեն ամեն ինչ՝ լեզուն, մշակույթը, լրատվամիջոցները և կանոնական ուղղափառությունը, ինչը նույնպես վտանգ է ներկայացնում Մոսկվայի համար։
«Միայն հակամարտության արմատական պատճառների ամբողջական և անդառնալի վերացումը կարող է ճանապարհ բացել դրա ավարտի համար»,- ընդգծել է Լավրովը։
Նա նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների, որոնց ընթացքում պետք է ապահովվեն նրա օրինական շահերը, բայց ոչ ուրիշների շահերի հաշվին։