Ֆիլիպինների հյուսիսում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է կին օդաչուն

Ֆիլիպինների հյուսիսային նահանգում ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է կին օդաչուն, որը վերադառնում էր ուղևորին մոտակա քաղաք տեղափոխելուց հետո, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Ֆիլիպինների իշխանություններին:
Շաբաթ օրը Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից տեղական ավիափոխադրողի չորստեղանոց ուղղաթիռը մեկնել է հյուսիսային լեռնային առողջարանային Բագիո քաղաք, որտեղ իջեցրել է ուղևորին, հայտնել են Ֆիլիպինների քաղաքացիական ավիացիայի վարչությունից։ Բագիոյից օդ բարձրանալուց հետո ուղղաթիռը վայրէջք է կատարել հարևան Պանգասինան նահանգի Բինալոնան քաղաքում՝ Մանիլա վերադառնալու համար վառելիքով լիցքավորելու համար:
Քաղաքացիական ավիացիայի վարչության տվյալներով, Բինալոնանի օդանավակայանի աշխատակիցները հայտնել են, որ «ինքնաթիռը դժվարությամբ է գործարկել շարժիչը», նախքան հաջողվել է օդ բարձրանալ մինչև մութն ընկնելը: Ավելի ուշ ուղղաթիռը կործանվել է Պանգասինանից հարավարևելք գտնվող Նուևա Էսիխա նահանգի Գիմբա քաղաքի ճահճոտ տեղանքում:
Ոստիկանությունից հայտնել են, որ օդաչուի մարմինը դուրս է բերվել ուղղաթիռի բեկորներից, որը մասամբ սուզվել է ճահճի մեջ: Ավիացիոն իշխանությունները հետաքննում են կործանման պատճառները։