Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ո՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանԻնդոնեզիայում Սեմերու հրաբխի առնվազն յոթ ժայթքում է գրանցվելԴատարանը մերժել է գաղտնիքների գողության մեղադրանքով OpenAI-ի դեմ Մասկի հայցը․ WSJԻրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Հուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր ԿամենդատյանՎաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը. Մելոնին՝ Փաշինյանին44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըՀորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT ԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՕդա եգիպտական ​​արմատներին. Van Cleef & Arpels-ի նոր բարձրակարգ զարդերի հավաքածունԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հուշագրի ստորագրումից հետո. ԱրաղչիԹունիսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Եթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուuական պատժամիջnցները Ձայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ Հունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՀայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankMoody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են
Քաղաքականություն

Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքների ավարտը, ինչի մասին անոնսվում է, տարածաշրջանային քաղաքականության, տնտեսական և ռազմավարության հաշվարկների համատեքստում, ինչ խոսք, կարևոր իրադարձություն է, որի հետևանքները կարող են զգալիորեն ազդել ոչ միայն երկու երկրների տնտեսական հարաբերությունների, այլև ամբողջ Հարավային Կովկասի ուժային և տնտեսական հավասարակշռության վրա։

Թուրքիայի՝ Հայաստանի հետ երկկողմ առևտրի իրականացման արգելքները վերացնելու որոշման ողջունումը պաշտոնական Երևանի կողմից, բնականաբար, ներկայացվում է որպես տնտեսական հնարավորությունների ընդլայնման, հաղորդակցության ուղիների ակտիվացման և տարածաշրջանային ինտեգրման հերթական քայլ, սակայն իրական քաղաքական ու տնտեսական բանաձևումների տեսանկյունից այս գործընթացը պարունակում է բազմաթիվ ռիսկեր, հակասություններ և երկարաժամկետ ազդեցություններ, որոնց անտեսումը կարող է Հայաստանի տնտեսության համար ստեղծել նոր կախվածություններ ու կառուցվածքային խոցելիություններ։

Առաջին հայացքից թվում է, թե փակ սահմանների պայմաններում տասնամյակներ շարունակ ձևավորված տնտեսական արհեստական սահմանափակումների վերացումը պետք է դրական ազդեցություն ունենա Հայաստանի տնտեսության վրա։ Տեսականորեն ուղիղ առևտուրը կարող է նվազեցնել փոխադրումների ծախսերը, կրճատել միջնորդավորված ներմուծման շղթաները, մեծացնել ապրանքաշրջանառությունը, որոշ ապրանքների գները դարձնել ավելի մատչելի և խթանել մրցակցությունը։ Սակայն տնտեսագիտական տեսանկյունից ցանկացած բաց շուկայի քաղաքականություն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ կողմերի տնտեսական ներուժը հարաբերականորեն հավասարակշռված է, կամ երբ ավելի փոքր տնտեսությունն ունի պաշտպանական մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս պահպանել ներքին արտադրությունը և տեղական տնտեսվարողների մրցունակությունը։ Հայաստանի և Թուրքիայի պարագայում այս հավասարակշռությունը գործնականում գոյություն չունի։

Թուրքիան շուրջ 1,6 տրիլիոն դոլար գնահատվող տնտեսություն ունեցող տարածաշրջանային արդյունաբերական տերություն է, որն ունի զարգացած արտադրական ենթակառուցվածքներ, լայնածավալ գյուղատնտեսական համալիրներ, պետական սուբսիդավորման համակարգեր, էժան աշխատուժ, արտահանման հզոր ներուժ և զանգվածային արտադրության մեխանիզմներ։ Հայաստանը, հակառակը, փոքր շուկա ունեցող, սահմանափակ արդյունաբերական ներուժով, բարձր ինքնարժեքով արտադրություն իրականացնող, ներմուծումից մեծապես կախված տնտեսություն է։

Այս պայմաններում ազատ կամ գրեթե ազատ առևտրային ռեժիմը կարող է հանգեցնել ոչ թե հավասար տնտեսական համագործակցության, այլ տնտեսական անհավասար ներթափանցման, երբ թուրքական արտադրանքը պարզապես կգրավի հայկական շուկայի զգալի հատվածը։

Առավել վտանգավոր ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է։ Գաղտնիք չէ, որ թուրքական գյուղմթերքը միջազգային շուկաներում մրցունակ է հիմնականում ցածր ինքնարժեքի հաշվին։ Թուրքիայում գյուղատնտեսությունը գործում է լայնածավալ արտադրության, պետական աջակցության և արտահանման վրա հիմնված համակարգով։

Էներգակիրների, աշխատուժի, լոգիստիկայի և արտադրության ծախսերը համեմատաբար ցածր են, ինչն էլ թուրքական արտադրողներին հնարավորություն է տալիս շուկա մտնել շատ ավելի մատչելի գներով։ Հայաստանի գյուղատնտեսությունն, ընդհակառակը, հիմնականում հիմնված է փոքր ֆերմերային տնտեսությունների վրա, որտեղ արտադրողականությունը ցածր է, տեխնոլոգիական վերազինումը՝ սահմանափակ, իսկ պետական աջակցությունը՝ հաճախ ոչ համակարգային։ Այս իրավիճակում թուրքական գյուղմթերքի լայնածավալ ներթափանցումը հայկական շուկա կարող է հարված հասցնել տեղական ֆերմերներին։

Տարիներ շարունակ նույնիսկ փակ սահմանի պայմաններում թուրքական բազմաթիվ ապրանքներ միջնորդավորված տարբեր ուղիներով հայտնվում էին հայկական շուկայում։ Շատ դեպքերում սպառողները նույնիսկ տեղյակ չէին լինում, որ գնում են թուրքական արտադրանք։ Թուրքական լոլիկի, մրգի, հագուստի, կենցաղային ապրանքների և շինանյութերի առկայությունը հայկական շուկայում վաղուց նորություն չէ։ Սակայն միջնորդավորված ներկրման դեպքում առկա էին լրացուցիչ ծախսեր, որոնք որոշ չափով սահմանափակում էին թուրքական ապրանքների գերիշխանությունը։ Ուղիղ առևտրի դեպքում այդ միջնորդային ծախսերը զգալիորեն կնվազեն, և թուրքական ապրանքները կարող են շատ ավելի մեծ ծավալներով ու ավելի ցածր գներով ներթափանցել հայկական շուկա (դրա մասնակիի փորձը տարիներ առաջ եղել է՝ հատկապես հագուստի առումով)։

Սա առաջին հերթին կհանգեցնի տեղական արտադրողների մրցունակության կտրուկ նվազման։ Հայկական գյուղմթերքը, որն արդեն այսօր բախվում է իրացման խնդիրների, կարող է պարզապես դուրս մղվել շուկայից։ Փոքր ու միջին ֆերմերային տնտեսությունները դժվար թե կարողանան մրցել թուրքական զանգվածային արտադրության հետ։ Արդյունքում հնարավոր է դառնում գյուղական համայնքների սոցիալական խնդիրների խորացումը, գյուղատնտեսական զբաղվածության նվազումը, արտագաղթի նոր ալիքը և տեղական արտադրական շղթաների քայքայումը։ Եթե պետությունը չձևավորի պաշտպանական տնտեսական քաղաքականություն, ապա ազատ մրցակցության անվան տակ կարող է տեղի ունենալ ներքին արտադրության աստիճանական ոչնչացում։

Բայց խնդիրը միայն գյուղատնտեսությունը չէ։ Թուրքական թեթև արդյունաբերությունը՝ հատկապես տեքստիլը, կոշիկի արտադրությունը, կենցաղային ապրանքների արտադրությունը, ունի հսկայական ծավալներ և մրցունակ գներ։ Հայկական փոքր արտադրամասերը, որոնք հաճախ աշխատում են սահմանափակ ռեսուրսներով ու բարձր ծախսերով, դժվար թե կարողանան դիմակայել նման ճնշմանը։ Սա նշանակում է, որ տնտեսական «պատուհանի բացումը» կարող է վերածվել ոչ թե երկկողմ զարգացման, այլ միակողմանի տնտեսական ներթափանցման։

Այս իրավիճակում առանցքային նշանակություն ունի մաքսային և կարգավորիչ քաղաքականությունը։ Եթե Հայաստանը չի ձևավորում այնպիսի մաքսային ռեժիմ, որը թույլ կտա պաշտպանել տեղական արտադրողներին, ապա շուկայի բացումը կարող է վերածվել տնտեսական շոկի։ Պետությունը պետք է ունենա հակադեմպինգային մեխանիզմներ, սանիտարական և ֆիտոսանիտարական խիստ ստանդարտներ, ժամանակավոր քվոտաներ, ներմուծման վերահսկման համակարգեր և տեղական արտադրության սուբսիդավորման ռազմավարություն։ Հակառակ դեպքում մրցակցությունը կդառնա անհավասար, իսկ հայկական տնտեսությունը՝ ավելի խոցելի։

Բայց տնտեսական ռիսկերը միայն ներքին շուկայի պաշտպանության խնդրով չեն սահմանափակվում։ Առավել խորքային հարցերից մեկը տնտեսական կախվածության ձևավորման վտանգն է։ Հայաստանի տնտեսությունն արդեն երկար տարիներ տարբեր ուղղություններով կախվածություններ է ունեցել արտաքին ուժերից՝ էներգետիկ, տրանսպորտային, ֆինանսական և անվտանգային ոլորտներում։ Եթե թուրքական շուկան և թուրքական արտադրանքը սկսեն զբաղեցնել հայկական տնտեսության առանցքային հատվածները, ապա ժամանակի ընթացքում կարող է ձևավորվել նոր կախվածության համակարգ, այս անգամ՝ Թուրքիայից։ Այս վտանգը հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների քաղաքական բնույթը։ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները մշտապես դիտարկել է ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական և ռազմավարական հարթությունում։ Պատմությունը ցույց է տալիս, որ Անկարան հաճախ տնտեսական և տրանսպորտային գործիքները օգտագործում է որպես քաղաքական ճնշման միջոց։ Եթե Հայաստանի շուկան զգալիորեն ինտեգրվի թուրքական արտադրական և մատակարարման համակարգերին, ապա սահմանների հերթական փակումը կամ սահմանափակումների կիրառումը կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի տնտեսությանը։

Թուրքիան, ունենալով հսկայական ներքին շուկա և բազմազան տնտեսական կապեր, հայկական շուկայի փակման դեպքում լուրջ խնդիր չի ունենա։ Հայաստանի համար, սակայն, նման զարգացումը կարող է դառնալ տնտեսական ցնցում։ Սա հատկապես վտանգավոր է այն պատճառով, որ հայկական տնտեսությունը դեռևս չունի բավարար ինքնաբավություն և դիվերսիֆիկացված արտադրական համակարգ։ Եթե տնտեսության կարևոր ոլորտներում ձևավորվի թուրքական ներմուծումից կախվածություն, ապա ցանկացած քաղաքական լարվածություն կարող է վերածվել տնտեսական ճգնաժամի։ Այսինքն՝ ուղիղ առևտուրն առանց տնտեսական անվտանգության ռազմավարության կարող է ստեղծել նոր խոցելիություններ։

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է հասկանալ, որ տնտեսական հարաբերությունները միշտ չէ, որ միակողմանի բացասական հետևանքներ են ունենում։ Զուտ տեսականորեն Հայաստանը կարող է օգտագործել այս հնարավորությունը սեփական արտահանման ներուժի զարգացման համար։ Թուրքիայի շուկան մեծ է, բազմաշերտ և սպառման բարձր մակարդակ ունեցող։ Եթե Հայաստանը ունենար մրցունակ արտադրություն, տեխնոլոգիական զարգացում, արդյունաբերական ռազմավարություն և արտահանման պետական համակարգված քաղաքականություն, ապա հնարավոր կլիներ ոչ միայն ներմուծել, այլ նաև արտահանել հայկական ապրանքներ դեպի Թուրքիա։ Սակայն այստեղ առաջանում է ամենակարևոր հարցը՝ արդյո՞ք Հայաստանը պատրաստ է նման մրցակցության։ Այս պահին դժվար է տեսնել այն ոլորտները, որտեղ հայկական արտադրանքը կարող է լայնածավալ մրցունակություն ունենալ թուրքական շուկայում։ Տեղական արտադրությունը հիմնականում փոքր ծավալների վրա է հիմնված, իսկ արտահանման քաղաքականությունը հաճախ կրում է իրավիճակային բնույթ։ Հայաստանը չունի այնպիսի արդյունաբերական ռազմավարություն, որը կստեղծեր բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանք և հնարավորություն կտար դուրս գալ տարածաշրջանային շուկաներ։ Եթե այս ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում, ապա հայ-թուրքական ուղիղ առևտուրը կարող է վերածվել հիմնականում ներմուծման ուղղությամբ գործընթացի, որտեղ Հայաստանը կդառնա սպառող, իսկ Թուրքիան՝ մատակարար։

Հենց այստեղ է հիմնական ռազմավարական խնդիրը։ Տնտեսական հարաբերությունների մեկնարկն ինքնին անիմաստ է, եթե այն դրական արդյունք չի ստեղծում։ Այն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ ծառայում է ազգային տնտեսության զարգացմանը, արդյունաբերական աճին, արտադրողականության բարձրացմանը և արտահանման ընդլայնմանը։ Եթե բաց շուկան հանգեցնում է տեղական արտադրության անկման, ապա երկարաժամկետ առումով այդ գործընթացը ոչ թե զարգացում է, այլ տնտեսական թուլացում։

Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև սոցիալ-հոգեբանական և քաղաքական գործոնները։ Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող դիտարկվել միայն տնտեսական թվերի մակարդակում։ Դրանք ծանրաբեռնված են պատմական հիշողությամբ, անվտանգության հարցերով, տարածաշրջանային հակամարտություններով և ուժային բալանսի խնդիրներով։ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական դաշինքը, տարածաշրջանային հաղորդակցությունների շուրջ ճնշումները, ինչպես նաև Անկարայի աշխարհաքաղաքական նպատակները Հայաստանի հասարակության մեջ ստեղծում են անվստահության միջավայր։ Այս պայմաններում տնտեսական ինտեգրման յուրաքանչյուր քայլ գնահատվելու է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ու անվտանգային տեսանկյունից։

Հետևաբար, Հայաստանի համար առաջնային խնդիրը պետք է լինի ոչ թե պարզապես շուկաների բացումը, այլ տնտեսական դիմադրողականության ձևավորումը։ Պետությունը պետք է նախևառաջ ներդնի երկարաժամկետ արդյունաբերական քաղաքականություն, խթանի գյուղատնտեսական կոոպերացիան, տեխնոլոգիական արդիականացումը, տեղական արտադրողների ֆինանսական աջակցությունը, արտահանման ապահովագրության համակարգերը և շուկաների դիվերսիֆիկացումը։

Առանց այս քայլերի հայ-թուրքական ուղիղ առևտուրը կարող է ստեղծել կարճաժամկետ սպառողական առավելություններ, բայց երկարաժամկետ հեռանկարում խորացնել տնտեսական կախվածությունը և թուլացնել տեղական արտադրական ներուժը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում