Հարկայինի բարձրաստիճան պաշտոնյաների կաշառքի գործով դատը դարձյալ հետաձգվեց. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է լսվեր հարկայինի երկու բարձրաստիճան պաշտոնյաների քրեական գործը: Խոսքը Մյասնիկյանի շրջանի հարկայինի նախկին պետ Գագիկ Մազմանյանի և Էջմիածնի հարկայինի նախկին պետ Արամ Հովսեփյանի մասին է:
Այդ գործով արդեն 6 տարվա ազատազրկում է ստացել գործարար Ռուզան Միշայի Աբրահամյանը, ով գտնվում է Աբովյանի «կանանց գաղութում»: Վերոնշյալ պաշտոնյաների նկատմամբ քրգործը հարուցվել է հենց Ռուզան Աբրահամյանի ցուցմունքների հիման վրա: Նախնական փուլում Ա. Հովակիմյանը մեղադրվում էր Ռ. Աբրահամյանից 70000, իսկ Գ. Մազմանյանը 200000 դոլար կաշառք ստանալու մեջ: Այնուհետև, երբ գործը դատարան մտավ, «պատկերը» փոխվեց. այս պաշտոնական անձինք մեղադրվեցին պաշտոնեական դիրքի չարաշահման և 40000–ական դոլար կաշառք ստանալու մեջ:
Այժմ արդեն պատկերը բոլորովին այլ է: Ռուզան Աբրահամյանի գործն առանձնացվել է այս գործից, և նա ոչ մի հարցով դատարան չի կանչվում: Իսկ ամբաստանյալներն էլ մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Ռուզան Աբրահամյանը, ըստ ցուցմունքների, երկուսին էլ կաշառքը տվել էր հարկային դաշտում իր կազմակերպությունների անձեռնմխելիությունն ապահովելու համար:
Գագիկ Մազմանյանի գործով ապացուցվել է նաև, որ Ռուզան Աբրահամյանը մոտ չորս տարի շարունակ մուծել է Գագիկ Մազմանյանի անձնական բոլոր կոմունալ ծախսերն ու հեռախոսավարձերը:
Մեր տեղեկություններով՝ Գագիկ Մազմանյանը ցանկանում է, որ դատավարությունը հնարավորինս շուտ ավարտվի, քանի որ բազմաթիվ կիսատ գործեր ունի` կապված իր բազում անշարժ գույքերի հետ: Բանն այն է, որ ժամանակին (Երվանդ Զախարյանի օրոք), քաղաքապետարանի անշարժ գույքի վարչության պետ եղած ժամանակ, հասցրել է անշարժ գույք սեփականաշնորհել:
Գնունի փողոցի տնտեսական շուկային հարակից նորակառույց էլիտար շենքերի նկուղների տերն իրականում Մելիք Գասպարյանի ընտանիքն է: Իսկ օգտագործում է Գագիկ Մազմանյանը: Դրանք առևտրականներին է տալիս վարձակալությամբ: Ըստ որոշ տվյալների, ամսական 4–5 հազար դոլար է կազմում վարձը:
Սակայն, Մելիք Գասպարյանի ընտանիքն, ինչպես երևում է, չի ուզում նահանջել: Եվ այստեղ Մազմանյանը կարող է խնդիրներ ունենալ: Նա ցանկանում է, որ հնարավորինս շուտ և «անկորուստ» ավարտվի դատը, որպեսզի իր բիզնեսին տեր կանգնի:
Միով բանիվ, դատական նիստը հերթական անգամ հետաձգվել է և կկայանա նոյեմբերի 6–ին՝ ժամը 16:00–ին:
Սպասվում է դատախազի մեղադրական ճառի հրապարակում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում