Ես ապշած էի. Սերբիայի նախագահը պատմել է Սի Ծինփինի արտասովոր խոստումի մասին
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը լրագրողներին ասել է, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը, մայիսին Մոսկվայում ֆաշիզմի դեմ Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ, խոստացել է կատարել իր ցանկացած խնդրանք: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Վուչիչն այս մասին պատմել է շաբաթ երեկոյան, երբ կառավարության անդամների և Չինաստանի դեսպան Լի Մինգի հետ ստուգել է երկրի արևելքում գտնվող Դանուբի միջանցքի մայրուղու շինարարությունը, որն իրականացնում է չինական «Շանդոնգ» ընկերությունը։
«Երբ մենք Մոսկվայում էինք, Սի Ծինփինն առաջին անգամ ինձ դիմեց անունով՝ Ալեքսանդր, ինչը չինացիների համար անհավանական է, և ասաց. «Ասեք՝ ինչ ուզում եք, կստանաք այն, ինչ կխնդրեք»։ Ես՝ ապշած, պատասխանեցի. «Եթե հնարավոր է, որևէ գործարան», - լրագրողներին պատմել է Վուչիչը։
Սերբիայի վարչապետ Ջուրո Մացուտը հունիսի սկզբին հայտարարել է, որ Սերբիան և Չինաստանը ռազմավարական գործընկերության խորացման մասին համաձայնագրի ստորագրումից հետո մեկ տարվա ընթացքում իրականացրել են ավելի քան 30 նախագիծ ենթակառուցվածքների, արդյունաբերության, կրթության և նորարարության ոլորտներում։
Սերբիայի առևտրի նախարարության տվյալներով՝ 2010-ից 2024 թվականներին Չինաստանը դարձել է Սերբիայի խոշորագույն օտարերկրյա ներդրողը, իսկ առևտրաշրջանառությունը 2024 թվականին հասել է ռեկորդային բարձրակետի՝ 8.3 միլիարդ եվրոյի։