ԱՄՆ-ից ինչպես իր վրեժը կլուծի Իրանը
The Hill պարբերականը գրում է, որ Իրանի եւ Իսրայելի միջեւ հակամարտության կարգավորման բանակցությունների ձախողման դեպքում Թեհրանը կարող է վրեժ լուծել Միացյալ Նահանգներից մի քանի ուղղություններով՝
• կիբերհարձակումներով,
• հրթիռային հարվածներով,
• Հորմուզի նեղուցը փակելով, կամ՝
• Միացյալ Նահանգների ներսում «քնած» ահաբեկչական բջիջներն ակտիվացնելով։
Հրապարակման մեջ նշվում է, որ չնայած մոտ երկշաբաթյա ռազմական առճակատմանը, Իրանը նախկինի նման տիրապետում է առաջավոր հարձակողական կիբերհնարավորությունների։ Բացի այդ, Իրանը կարող է ունենալ նախապես ստեղծած բալիստիկ հրթիռների պաշարի մոտ կեսը, որոնք կարող են կիրառվել ընդդեմ Մերձավոր Արեւելքում գտնվող այն 19 օբյեկտների, որտեղ ամերիկյան զորքեր են տեղակայված։ Տարբերակներից մեկը, որը կարող էր ահռելի գլոբալ հետեւանքներ ունենալ, Հորմուզի նեղուցի փակումն էր։ Այն կարեւորագույն նավագնացության ուղի է, որիով ամեն օր տեղափոխվում է նավթի համաշխարհային մատակարարումների մոտ 20 տոկոսը։
The Hill-ը նշում է, որ ամերիկյան գործող վարչակազմում մտավախություն ունեն, որ Իրանը կարող է ակտիվացնել ԱՄՆ-ում «քնած» ահաբեկչական բջիջները, որպես Վաշինգտոնին պատասխան հարված հասցնելու տարբերակներից մեկը։
Հիշեցնենք, որ հունիսի լույս 24-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանն ու Իսրայելը պայմանավորվել են կրակի դադարեցման մասին եւ քսանչորս ժամ անց աշխարհը պաշտոնապես կողջունի 12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը։