Աղիքային վարակները օգոստոսին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության ամփոփ տեղեկատվության, հանրապետությունում 2017 թ. օգոստոսին բավական շատ են գրանցվել վարակային հիվանդություններ ու թունավորումներ: Այս մասին հաղորդում է Ազգային վիճակագրության ծառայությունը:
Օգոստոսին ամենից շատ գրանցվել են չճշտված և ենթադրյալ աղիքային վարակներ, որոնց թիվը կազմել է 687: Սրանց ուղիղ կեսը նկատվել է կանանց մոտ: Ընդհանուրի 67,7%–ը գրանցվել է անչափահասների մոտ, ընդ որում 266 դեպք գրանցվել է մինչև 2, իսկ 140 դեպք էլ 3–6 տարեկան երեխաների մոտ: Ըստ վիճակագրության՝ այդ 687 դեպքից 192–ը գրանցվել է գյուղական համայնքների բնակիչների մոտ, ովքեր մեծամասամբ անչափահասներ են եղել:
Վարակային հիվանդությունների ծավալով երկրորդ ու երրորդ տեղերն են զբաղեցնում ասկարիդոզն (ճիճվային հիվանդություն, որի հարուցիչները ասկարիդներն են) ու էնտերոբիոզը (իրենից ներկայացնում է ճիճվային հիվանդություն, որն ավելի բնորոշ է երեխաներին)՝ համապատասխանաբար 506 ու 425 դեպք:
Ըստ վիճակագրության՝ ասկարիդոզն ավելի շատ դրսևորվել է տղամարդկանց մոտ՝ 290 դեպք միայն օգոստոս ամսին: Էնտերոբիոզը նույնպես տղամարդկանց մոտ ավելի շատ է ախտորոշվել: Կանանց դեպքում գրանցվել է 197 դեպք:
Այս օգոստոսին քիչ չեն եղել նաև թունավորումները, որոնց ընդհանուր թիվը կազմել է 268, որից 195–ը տեղի է ունեցել ոչ բժշկական նշանակության նյութերի հետևանքով, 69–ը՝ դեղամիջոցների, դեղորայքի ու կենսաբանական նյութերի ազդեցությունից և ընդամենը 4–ը՝ մանրէային սննդային թունավորումներ են:
Թունավորումների դեպքերից 117–ը պատահել է կանանց հետ: Անչափահասների թունավորման 26 դեպք է գրանցվել Առողջապահության նախարարության կողմից, ընդ որում նրանցից 7–ը եղել են մինչև երկու տարեկան, իսկ 11–ն էլ՝ 3–6 տարեկան հասակում: Ըստ ուսումնասիրության, թունավորումների դեպքերի հարյուրից ավելին տեղի են ունեցել գյուղական համայնքներում, որից 41–ը անչափահասների մոտ է գրանցվել:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում