Լրատվամիջոցները հայտնել են՝ ովքեր են ժառանգելու Ջորջ Մայքլի 123 մլն դոլար կարողությունը
Բրիտանացի հայտնի երգիչ Ջորջ Մայքլի անսպասելի մահից հետո նրա ամբողջ կարողությունը՝ 123 մլն դոլար, ինչպես նաև աշխարհի տարբեր անկյուններում եղած անշարժ գույքը կժառանգեն արտիստի սանիկները: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ 53-ամյա մեգաաստղն իր ընկերներից մի քանիսի երեխաների կնքահայրն էր:
Պարբերականը հավելում է, որ կենդանության օրոք երաժիշտն ակտիվորեն աջակցում էր բարեգործական կազմակերպություններին, որոնցից մի քանիսի հետ սերտ համագործակցում էր: Նշվում է, որ այդ բարեգործական կազմակերպությունները ևս կստանան Ջորջ Մայքլի կարողության մի մասը:
Ակնկալվում է նաև, որ Մայքլի 2 ավագ քույրերի, զուգընկերոջ, զարմիկի ու նրա 2 երեխաների անունները ևս ներառված կլինեն կտակում:
Հիշեցնենք, որ համաշխարհային ճանաչում վայելող աստղը մահացել է դեկտեմբերի 25-ին՝ սրտի անբավարարության պատճառով: