Բանանը թանկացել է, բայց գեներալ Միհրանը մեղավոր չէ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մսի, կարագի և այլ ապրանքների գնի բարձրացման ֆոնին վերջին երկու օրերի ընթացքում բանանի գինը ևս բարձրացել է:
Մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներում բանանի մեկ կիլոգրամը 550 դրամից բարձրացել է ու հասել 650 դրամի:
ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, դեռ ամիսներ առաջ էր հայտարարել, որ ցանկացած ապրանքի (այդ թվում՝ բանանի ներկրման) հարցում որևէ խոչընդոտ չի կարող լինել, և ցանկացած գործարար կարող է Հայաստան ներմուծել օրենքով չարգելված ցանկացած ապրանք: Գաղտնիք չէ նաև, որ ինչպես շատ ապրանքների, բանանի շուկայում ևս մենաշնորհային ընկերություն կար՝ «Քեթրին գրուպ»–ը, որի սեփականատերը ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանն է:
Վահրամ Միրաքյանն առաջիններից էր, ով փորձ արեց բանանի ներկրմամբ զբաղվել: Հաշվի առնելով բանանի շուկայի շուրջ ծավալված ներկա և նախկին իրավիճակները՝ Վահրամ Միրաքյանից հետաքրքվեցինք, թե հատկապես ի՞նչը կարող էր ազդել գնային այս բարձրացման վրա:
«Տրոպիկա» ՍՊԸ–ի հիմնադիր տնօրենը գնային բարձրացումը կապում է բացառապես համաշխարհային շուկայի հետ:
«Համաշխարհային շուկայում գները սկսում են բարձրանալ: Այս պահի դրությամբ ամառվա համեմատ բանանի գինը բավականին բարձրացել է: Մինչև ամառ էլ դրսում կրկնակի բարձրացում էր գրանցվել: Իսկ երբ գները բարձրանում են՝ բոլոր օղակներով էլ թանկացում է գրանցվում»,– ասաց մեր զրուցակիցը:
Վահրամ Միրաքյանի խոսքով՝ այն, որ մեզ մոտ բանանի գինը նվազել էր՝ հասնելով 550 դրամի, դա ևս իր բացատրությունն ունի:
««Մագնիտ» սուպերմարկետների ցանցը ռուսական ամբողջ շուկայում գնային դեմպինգ արեց: Ի դեպ՝ այսօրվա դրությամբ ՌԴ բանանի 30–40%–ը «Մագնիտ»–ն է ներկրում: Այդ դեմպինգի արդյունքում էժան բանանը հասավ նաև Հայաստան ու ազդեց մեզ մոտ վաճառվող բանանի գների վրա: 550 դրամը հենց դրա հետևանքն էր: Բայց դա շատ էժան գին էր: Կարելի է ասել, որ նույնիսկ ինքնարժեքից էլ ցածր էր»,–նշեց ընկերության տնօրենը:
Հարցին, թե առաջիկայում գնային այս բարձրացումը կշարունակվի՞, թե՝ 650–ի սահմանը կպահպանվի, Վահրամ Միրաքյանը պատասխանեց. «Միջազգային գները կշարունակեն բարձրանալ, իսկ թե որքանո՞վ այն կանդրադառնա մեր շուկայի վրա՝ չեմ կարող ասել: Առհասարակ նորմալ է, որ Հայաստանում բանանի գինը 600 դրամի սահմանում լինի: Կարող է մի քիչ ավել, կամ մի քիչ պակաս լինի, բայց 600 դրամի սահմաններում տատանվող գինը նորմալ է: Իսկ եթե 600 դրամից պակաս եղավ, օրինակ՝ 500–ից ցածր, դա նորմալ չի լինի: Կնշանակի՝ ինչ–որ օղակներ դեմպինգ են անում կամ վնասով են աշխատում»,– ընդգծեց նա:
Վահրամ Միրաքյանն Էկվադորի օրինակը բերեց. «Էկվադորում բանանի մեկ կիլոգրամի մանրածախ գինը մոտ 90 ցենտ է՝ գրեթե 1 դոլար, մեր գումարով էլ՝ 450–500 դրամ: Եթե այստեղ բանանը 500 դրամով վաճառվի, դա նույնպես որոշակի հարցեր կառաջացնի: Բանանը Հայաստան Էկվադորից է գալիս, ճանապարհ է անցնում ու չի կարող այդ գինը լինել»,– ասաց նա:
Իսկ ինչ վերաբերում է բանան ներկրող հայաստանյան նոր ընկերություններին ու իրենց աշխատանքներին, Վահրամ Միրաքյանն ասաց, որ այս պահի դրությամբ մենաշնորհային դիրք ունեցող ընկերություն չկա բանանի շուկայում. «Մարդիկ Վրաստանից, ՌԴ–ից անընդհատ բերում են: Մեր ընկերությունը ևս շարունակում է իր աշխատանքը»:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում