Հայաստանից Վրաստան 871 ադամանդե քարերի մաքսանենգության փորձը կանխվել է
Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննական ծառայության աշխատակիցները, եկամտային ծառայության սահմանային դեպարտամենտի ներկայացուցիչների հետ համատեղ իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Վրաստանի մաքսային անցակետում ապրանքի տեղաշարժման օրենքի խախտման երեք դեպք է արձանագրվել, որի հետևանքով երեք անձ է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում է newsgeorgia.ge-ն, հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությանը:
Առաջին դեպքում Սադախլոյի անցակետում քաղաքացին փորձել է գաղտնի Վրաստանի տարածք ներկրել 871 միավոր ադամանդե քար: Եվս 2 դեպք է գրանցվել վրաց-թուրքական Սարփիի անցակետում, որտեղ փորձ է արվել ապօրինաբար Վրաստան ներկրել շուրջ 900 գրամ ոսկի: Գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի առաջին մասով, ինչը ենթադրում է 3-ից 5 տարվա ազատազրկում: